Ջունգլիում փղերի և հովազների հետ․ ի՞նչ պայմաններում են կրթվում Շրի Լանկայի երեխաները


20:30 , 3 օգոստոս, 2021

Ողջ աշխարհը նվաճած կորոնավիրուսային համաճարակի պատճառով Շրի Լանկայի դպրոցները, ինչպես և այլ պետությունների ուսումնական հաստատությունները, ստիպված են եղել փակվել և անցնլ հեռավար կրթության։ Սակայն կղզու շատ գյուղերում կյանքի տարրական պայմաններ, այդ թվում՝ համացանց գոյություն չունի։ Կապ որսալու համար դպրոցականները մեծահասակների ուղեկցությամբ վտանգավոր վայրեր են հասնում։ 

Այսպես, գյուղի աշակերտներն ու ուսուցիչները ստիպված են լինում կիլոմետրեր հաղթահարել՝ բարձրանալով ժայռը, անցնելով անտառի միջով, որտեղ ապրում են փղեր ու հովազներ։ Հասնելով լեռան գագաթին՝ երեխաներն ու մեծահասակները տեղավորվում են հատակին կամ ծառերին։ 

Սմարթֆոններ, նոութբուքեր կամ պլանշետներ ոչ բոլորն ունեն, հիմնականում՝ միայն ուսուցիչները։ Այդ պատճառով էլ շատ դեպքերում բոլոր երեխաներն օգտվում են մեկ սարքից՝ լսելու համար, թե ինչ է խոսում օնլայն ուսուցիչը։ 

Մեկ այլ գյուղում դպրոցականները բարձրանում են ծառերի ճյուղերին՝ համացանցի կապ որսալու համար։ Տետրերը դնելով ծնկներին՝ նրան միաժամանակ բռնվում են նաև ճյուղերից, պահում հեռախոսը և գրառումներ անում։ Ուղեկցող մեծահասակները հսկում են, որ երեխաները ծառերից ընկնելիս տրավմաներ չստանան։ 

Շրի Լանկայի գյուղերից մեկում երեխաները սովորում են ծառի վրա տեղակայված անտառային տնակում։ Այն գտնվում է երեխաների տներից 60 կմ հեռավորության և գետնից 10 մ բարձրության վրա։ 

Երբեմն դպրոցականներին ուղեկցում են նրանց ծնողները, որոնց մեծ մասը հողագործներ են։ 

Սակայն, չնայած ուսուցիչների և ծնողների մեծ ջանքերին, աշակերտերի ընդհանուր թվի միայն 40%-ն է կարողանում  իրեն թույլ տալ հեռավար կրթություն ստանալ։ Մյուսներն էլ ազատ հասանելիություն չունեն համացանցին։