Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել


19:36 , 2 օգոստոս, 2021

2019 թվականին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համահեղինակեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված էր, որ անմիջականորեն տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում. Սիմոնյանը զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով։

Դեռ օրենքի նախագծի քննարկման ժամանակ շրջանառվում էին տեղեկություններ, որ Ալեն Սիմոնյանը ամենևին էլ պատահական չի հանդիսացել այս օրենքի համահեղինակը, քանի որ դրա ընդունումով՝ սպասարկելու է իր ընկերոջ՝ «Վիվառո» ընկերության սեփականատիրոջ շահերը՝ ի հաշիվ այն հարյուրավոր աշխատակիցների, որոնք օրենքի ընդունումից հետո դարձան գործազուրկ։

Մյուս կողմից՝ կար տեսակետ, որ Ալեն Սիմոնյանը համահեղինակել է մի օրենքի նախագիծ, որով դաշտ է բացվելու 2018 թվականի իշխանափոխության օրերին իրենց հետ քայլած որոշ անձանց համար։

2019 թվականին ԱԺ փոխխոսնակի համահեղինակած օրենքը հռչակվեց որպես խաղամոլության դեմ պայքարելու արդյունավետ միջոց՝ ի հեճուկս այն քննադատությունների, որ այդ օրենքով անհնար է լինելու պայքարել խաղամոլության դեմ, և, որ սա օրենք է ընդամենը որոշ տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու, նրանց շրջանառությունը նվազեցնելու և այլոց համար ճանապարհ բացելու մասին։

Եվ ահա Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է տեղեկանք, որը փաստում է վերը ասվածը՝ օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ՝ կտրուկ աճել, ինչն էլ իր հերթին՝ ամապնդում է պնդումը, որ Ալեն Սիմոնյանի նպատակը խաղամոլության դեմ պայքարը չէր։

Եվ այսպես՝ ըստ Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության՝ ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ են՝ «Վիվարո գրուպ» ՍՊԸ-ն (vivarobet.am, ներկայումս՝ «Սոֆտ կոնստրակտ» ՍՊԸ), «Դիջիթեյն» ՍՊԸ-ն (totogaming.am), «Կաբարկո» ՍՊԸ-ն (adjarabet.am), «Գուդ սոֆտ» ՍՊԸ-ն (Goodwin.am):

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների թիվը

Կազմակերպիչների քանակը 2018-2019 թթ. եղել է 3, իսկ 2020թ.-ին՝ 4, իսկ սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ևս մեկ ընկերություն ավելացրել է խաղամոլության ծավալները։

Ավելացել է խաղացողների թիվը

Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093

2019թ.-ին՝ 29911

2020թ.-ին՝ 44082:

Ավելացել է խաղացողների կողմից գնված միավորների ծավալը

2018թ. խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ դրամի միավոր

2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր

2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ դրամի միավոր,

2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ դրամ, 2020թ.՝ 155.0 մլրդ դրամի:

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների կողմից գեներացվող միջոցների ծավալը

2020 թվականին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մանակիցների քանակը՝ առնվազն կրկնապատկվել:

Ավելացել է փողերի լվացման հավանականության ռիսկը

Համախառն ներքին արդյունքի նման զանգվածի գեներացումը չորս տնտեսվարողների մոտ կրում է բարձր ռիսկեր ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության տեսանկյունից:

2020թ․ տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միևնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին: