Ռուսաստանը հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկել Թուրքիա՝ հրդեհները մարելու համար. կուղարկվի նաև ավիախումբ


16:50 , 31 հուլիս, 2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայի հարավում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար: Նշվում է, որ Ռուսաստանից հինգ Իլ-76 ինքնաթիռ և երեք Մի-8 ուղղաթիռ է ուղարկվել Թուրքիա: Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմին հղումով գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը երախտագիտություն է հայտնել Պուտինին՝ հրդեհները մարելու համար Թուրքիա ուղարկած 40 տոննա ջրընդունիչով հինգ Իլ-76 ինքնաթիռի և Մի-8 հակահրդեհային ուղղաթիռի համար», - ասված է հայտարարության մեջ:

Հրդեհների դեմ պայքարելու համար Անկարայի խնդրանքով Թուրքիա կուղարկվի նաև ՌԴ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ ավիախումբ՝ 11 միավոր տեխնիկայով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Թուրքիայի Հանրապետության իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով աջակցել թուրքական բնակավայրերի և զբոսաշրջային գոտիների մոտակայքում մոլեգնող անտառային հրդեհների մարմանը, որտեղ այժմ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են հանգստանում: Կայացվել է դրական որոշում», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք քննարկել են Թուրքիայի հարավում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը և այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված հարցեր: 

Ռուսաստանի առաջնորդը հաստատել է, որ Մոսկվան կշարունակի օգնել Անկարային, իսկ Էրդողանը «ջերմորեն երախտագիտություն է հայտնել ցուցաբերած զգալի աջակցության համար»:

Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են: