Ինչպես է ՖԲ-ն «բոցվում» հայհոյանքը քրեականացնելու նախագծի վրա


17:49 , 31 հուլիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

7-րդ գումարման Ազգային ժողովը երեկ վերջին նիստում քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ծանր վիրավորանքը քրեականացվում է։ Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

«Այս նախագիծը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա ու մեր հասարակության մեջ հայհոյանքը, արժանապատվությանը առավել ծանր վնաս հասցնող երևույթը պետք է վերացվի»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակներից Վլադիմիր Վարդանյանը։ Փաստաթղթի նախնական տարբերակը սահմանում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100-500 հազար դրամով։ Բացի այդ, նախատեսվում է, որ վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից 1 մլն դրամի չափի տուգանքով։ Եթե այս գործողությունները միևնույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը 1-3 մլն դրամ է կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Ըստ փոփոխության՝ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Այսպիսի նախագիծը նախ զավեշտալի էր նրանով, որ Հայաստանում հայհոյանքը վաղուց ապաքրեականացված էր, և սա, ըստ էության, հետընթաց է, ապա նաև այն առումով, որ սա վերաբերում է պաշտոնատար անձանց, այսինքն՝ նշանակում է, որ հայհոյել չի թույլատրվում միայն իշխանություններին, քանի որ նրանք մի գլուխ բարձր են շարքային քաղաքացուց։ ԱԺ-ում նախագծի քննարկմանը զուգահեռ ֆեյսբուքում օգտատերերը արդեն ծաղրում էին նախագիծը, ձեզ ենք ներկայացնում այս թեմայով մի քանի գրառումներ․

«5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է․
«Հիշե՛ք, «ԲՏ»-ն բուլղարական սիգարետ էր: 
հ.գ. Հե՜յ գիտի վախտեր..»

Լրագրող Արմինե Բրսոյան․
«Իսկ էդ օրենքի վրա կամեռա կա՞»։

Լրագրող Լևոն Փանոսյանը հիշել է Ռուբեն Հախվերդյանի տողերը․
«Վաղեմի սովորություն է՝ մարդ պետք է արտահայտվի…»

Օգտատեր Հայկ Փոդիյան․
«Ախպեր միջազգային ռոզիսկի տակ եմ, Ռուսաստանից իշխանություններին եմ քրֆել»։

Կարեն Հեքիմյան․
«Լավ քֆուրները հեռանում են՝ անեծքի հույսին մեզ թողնելով»։

Անաստասիա Բերգման․
«Պատվաստված քաղաքացիների միջև կխաղարկվի անվճար հայհոյելու 10 հնարավորություն»։

Լրագրող Բորիս Մուրազի․
«Պաշտոնյաներին հայհոյելը քրեականացնող օրենքի շրջանակում ԱԺ-ում և կառավարությունում կփակվեն հայելիները»։

Ստելլա Խաչատրյան․
«Իսկ թուղթ ու գիր անել կարելի՞ ա․․․Հիմա ինչ՞, Ռոմանոս Պետրոսյանին պտի անունով դիմենք»։

Ինչպես է ՖԲ-ն «բոցվում» հայհոյանքը քրեականացնելու նախագծի վրա