Անթույլատրելի է ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը


19:41 , 28 հուլիս, 2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արեւելյան սահմաններին, ինչպես նաեւ նախիջեւանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։
Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։
Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։
Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։
Կարեւորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը։
ՀՀԿ Գործադիր Մարմին