Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտ հետ ենք վերցրել. զոհերը այդ հատվածում են եղել. Թագուհի Թովմասյան


17:12 , 28 հուլիս, 2021

News.am-ը գրում է.

Պատերազմական իրավիճակ էր, ինտենսիվությունը սկսեց դադարել միայն առավոտյան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ ողջ գիշեր այստեղ է եղել եւ ներկայացնում է իրավիճակն ականատեսի աչքերով:

«Հասկացա, որ ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտյան հաջողվել է հետ վերցնել: Մեր զոհերը հենց այդ հատվածում են եղել: Այս պահի դրությամբ՝ չունենք սահմանային նահանջ, որևէ կորուստ՝ տարածքային առումով, մենք պահպանում ենք մեր դիրքերը:

Դիրքային կորուստ այլեւս չունենք: Մենք հիմա գտնվում ենք հրադադարի ռեժիմում, առավոտյան 9.30-10.00-ի սահմաններում սկսեցին արդեն դադարել: Մենք չգիտենք, թե ինչ պայմաններով է այս հրադադարը, ինչքան ժամանակով է հրադադարը: Հրադադարի ռեժիմը ինչքան ժամանակով կպահպանվի, ի՞նչ ենք խոստացել դրա դիմաց, կամ ինչ են նրանք պահանջել, գուցե նրանք էլ ինչ-որ բան են խոստացել, որեւէ մանրամասն մեզ հայտնի չէ: Հուսամ՝ կառավարությունը պարզաբանում կտա, թե ինչ հանգամանքներում է այս ամենը տեղի ունեցել: Առավել եւս, որ սրանք նախորդեցին ՌԴ-ում սպասվող բանակցություններին»,-ասաց նա:

Թագուհի Թովմասյանը հավելեց. «Մենք գտնվում ենք այն բանակային կորպուսի հովանավորության տակ, որը 44 օրվա ընթացքում 1 սմ նահանջ չի ունեցել: Այսինքն հաղթանակած բանակի հովանավորության տակ ենք: Մենք Քարվաճառում ընդհանրապես նահանջ չենք ունեցել, նույնիսկ ունեցել ենք որոշ դիրքային առավելություններ:

Մենք պետք  է զգոն լինենք, այս վիճակը երկար չի կարող շարունակվել: Այն իշխանությունը, որ ծափողջյուններով տոնում էր իր հաղթանակն ընտրություններում, այսօրը պետք է տեսնել եւ պետք է նաեւ ապահովեն վարդենիսցու, Գեղամասարի, Սոթքի, Կութի բնակիչների անվտանգությունը: Արտաքուստ բնակիչներն ասում են՝ ամեն ինչ լավ է, մենք ոչնչից չենք վախենում, ապրում ենք այստեղ եւ ուրիշ տեղ չունենք գնալու, բայց այս միջավայրն իրոք անհանգստացնող է: Հետեւաբար, եթե ՆԻկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջանի սկզբի մասին, դա մենք պետք է տեսնենք, դա ես պետք է զգամ իմ մաշկի վրա, իսկ ես հիմա ուրիշ բան եմ զգում իմ մաշկի վրա»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ մայիսի 12-ից Կութում և Վերին Շորժայում ադրբեջանական զինուժը մխրճվել է հայկական տարածք և մինչև հիմա չի գնում. «Այսինքն, այնուամենայնիվ, մենք ունենք տարածքային կորուստ, որը, սակայն, արձանագրվել է մայիսի 12-ից, երբ որ անզեն թշնամին եկավ, մտավ ՀՀ տարածք՝ առանց դիմադրության, և այստեղ նրանց դիմավորեցին հովիվները: Իսկ թե ո՞ւր էր մեր զինուժը, մեր կահավորված առաջնագիծը, ինչո՞վ էինք մենք պաշտպանում մեր երկրի սահմանները, այդպես էլ մնաց անհասկանալի»,- ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով. «Լավ է, որ մենք ունենք ԱԳՆ, դա ինձ համար հաճելի բացահայտում էր: Ես ուրախ կլինեմ, որ ԱԳՆ-ն իսկապես գործի, որովհետեւ ՀՀ տրածքում տեղի են ունենում գործողություններ, որոնք չպետք է տեղի ունենային: Այս իմաստով ԱԳՆ-ն շատ ուշացած է ինչ-որ բան հայտարարում: Եթե քո տան մեջ հրդեհ է, կռիվ է, դու չպետք է նայես, թե ինչ մեթոդի ես դիմում, դու պետք է րոպե առաջ մարես հրդեհը: Հիմա մենք հրդեհվում ենք եւ պետք է օր առաջ այդ հրդեհը մարենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

Ավելի ուշ, ՊՆ–ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։