Ենթադրաբար, Ադրբեջանը խոստումներ է ստացել, ու հիմա ամեն կերպ փորձում է այդ խոստումներն իրագործված տեսնել. Թագուհի Թովմասյան


12:38 , 28 հուլիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Գեղարքունիքում կարելի է ասել պատերազմական վիճակ է: Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածի ողջ երկայնքով՝ Սոթքից մինչև Շորժա, կրակոցներ են եղել, ռազմական տեխնիկայի ձայներ լսվել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Բոլորը հարցնում են՝ ինչո՞ւ են հարձակվում, ենթադրաբար, Ադրբեջանը խոստումներ է ստացել, ու հիմա ամեն կերպ փորձում է այդ խոստումներն իրագործված տեսնել, բոլոր հնարավոր մեթոդներով ճնշում է գործադրում»:

Պատգամավորի հաղորդմամաբ՝ այս պահին կրակոցի ձայներ չեն լսվում.

«Այս պահին Վարդենիսում եմ, հիմա կրակոցներ չեն լսվում, լուռ է, բայց սահմանին հնարավոր է կան կրակոցներ. համենայնդեպս մեզ մոտ լսելի չեն»,-ասաց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ.

«Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն», - նշված էր ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր և մեկ անհետ կորած:Հակառակորդը նույնպես ունի կորուստներ, սակայն տվյալներ չի հայտնում;