«Դժվար է, բայց պետք է ուժեղ լինել»


13:24 , 25 հուլիս, 2021

168.am-ը գրում է.

qahana.am զրուցակիցը ընթերցասեր է, սիրում է ճանապարհորդել, ուզում է լինել Լոնդոնում, երազում է սովորել Օքսֆորդի համալսարանում… Բայց մինչ այդ՝ բազմաթիվ գործեր կան, որոնք սպասում են երիտասարդ մասնագետին: Մարիամը մասնագիտությամբ գյուղատնտես է, ապրում և աշխատում է Արցախում:

-Մարիամ, Ձեր մանկությունն անցել է Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր գյուղում, որը 2020 թ. պատերազմի արդյունքում գտնվում է թշնամու վերահսկողության տակ:

-Այո՛: Իմ մանկությունն անցել է Նոր Բրաջուրում: Երբ մենք Երևանից ընտանիքով տեղափոխվեցինք Շահումյանի շրջան, ես 5 տարեկան էի, այդ տարիքից մինչև ուսանողական տարիներ ապրել եմ Բրաջուրում: Այնտեղ եմ դպրոց հաճախել, ձեռք բերել մանկությանս լավագույն ընկերներին: Երբ պատերազմի ընթացքում մենք տևական ժամանակով տեղափոխվեցինք Երևան, կարծում էինք, որ շուտով պատերազմը կվերջանա, կվերադառնանք գյուղ, յուրաքանչյուրս մեր աշխատանքին: Շատ դժվար ժամանակաշրջան էր մեզ համար, սպասումով ու տագնապներով լի: Հետո արդեն չէինք հավատում, որ էլ չենք վերադառնալու մեր գյուղ: Հիմա էլ, հաճախ գյուղի լուսանկարներն եմ նայում՝ դեռ չեմ հավատում, որ չեմ վերադառնալու: Հիշում եմ դպրոցն ավարտելիս, շրջանավարտներով թղթերի վրա մեր երազանքներն էինք գրել, լցրել տարայի մեջ և պահել հողի տակ: 10 տարի անց պետք է բոլորս գնայինք, գտնեինք…

-Հիմա ապրում և աշխատում եք Ստեփանակերտում, պատերազմից հետո ի՞նչ վիճակում է քաղաքը:

-Ստեփանակերտում բնակչության քանակի աճ է նկատվում, ինչը պայմանավորված է տարբեր բնակավայրերից տեղահանված արցախցիների՝ Ստեփանակերտում բնակություն հաստատելով: Ընդհանուր առմամբ սոցիալական վիճակի անկայունությունը շարունակվում է: Ես գիտեմ շատ արցախցի երիտասարդների, ովքեր համառորեն շարունակում են աշխատել, արարել, մնալ Ստեփանակերտում ու որպես օրինակ ծառայել մնացածներին: Գիտեմ նաև շատերին, ովքեր գործունեությունը չեն շարունակում Արցախում: Ոչ ոքի չեմ կարող մեղադրել:

-Պատերազմից հետո ինչպե՞ս փոխվեց Ձեր աշխատանքը:

-Պատերազմից հետո Արցախի գյուղատնտեսական հողատեսքերի գրեթե 75%-ը կորցրել ենք, և դրա հետ կապված բոլորիս գործունեությունն է փոխվել: Նոր, բազմաթիվ մարտահրավերներ ունենք: Բազմաթիվ խնդիրների համար հիմա այլընտրանքային լուծումներ ենք փնտրում՝ մարդկանց ինքնաբավության ու պարենային անվտանգության խնդրի առաջ ենք կանգնած: Կարող եմ ասել, որ չկա այնպիսի մշակություն, որը չի տուժել պատերազմի հետևանքով: Մենք հիմա փոձում ենք մեր փոքրիկ 25% հողակտորը այնպես բաշխել, որ և՛ հացի խնդիր լուծենք և՛ կարողանանք ինտենսիվորեն այգիներ մշակել:

-Ի՞նչ հեռանկարներ ունի գյուղատնտեսությունը Արցախում:

-Պատերազմից հետո շատերը թերահավատությամբ են մոտենում գյուղատնտեսությանը: Վերջերս Երևանից խումբ էր եկել Արցախ, երբ իմացան, որ գյուղատնտես եմ, կատակեցին, թե՝ երևի էլ չես աշխատի քո մասնագիտությամբ: Ես էլ համառորեն հակառակը պնդեցի, չէ՞ որ արդեն աշխատում եմ: Ես չգիտեմ Արցախը ինչքանով է ի զորու այլընտրանքային տարբերակներից օգտվել, բայց այդ տարբերակները կան և պետք է իրագործենք:

-Այսօր ի՞նչ է պակասում հայ երիտասարդներին:

-Երևի թե կամքի ուժ՝ իրենց երազանքների հետևից անշեղորեն գնալու համար: Եթե մենք այսպիսի ազգ ենք, որ անընդհատ պետք է պայքարի մեջ լինենք, ուրեմն պետք է ամեն ինչ գիտակցված անենք: Հիմա շատ դժվար է ուժեղ լինել, բայց առավել ևս հիմա՝ պետք է ուժեղ լինենք: