Բևեռացված հասարակության բևեռացված քննությունները


00:48 , 25 հուլիս, 2021

168.am-ը գրում է․

Ավարտվեց բուհերի ընդունելության հիմնական փուլը։ Այս տարի ևս ունեինք 3 կարգի մասնագիտություններ։ Առաջինն այն մասնագիտություններն են, որոնցում կար մրցույթ (Իրավագիտություն, Բուժական գործ, Միջազգային հարաբերություններ, Ինֆորմատիկա)։ Այս մասնագիտությունների գծով ընդունվում են միայն բարձր միավորներ հավաքող դիմորդները։ Երկրորդն այն մասնագիտություններն են, որտեղ տեղերն ու դիմորդների թիվը մոտավորապես նույնն են (Մաթեմատիկա, Հոգեբանություն, Սերվիս)։ Այստեղ անհրաժեշտ է ընդամենը ստանալ դրական գնահատականներ։ Երրորդը հիմնականում բնագիտական և հումանիտար մասնագիտություններն են, որոնց պարագայում տեղերն ավելի շատ են, քան դիմորդների քանակը։ Հենց այս մասնագիտություններում առաջանում են թափուր տեղեր, որոնց մի մասը լրացնում են մասնագիտությունների առաջին խմբից դուրս մնացած դիմորդները։

Մասնագիտական ընտրության գործընթացը Հայաստանում ամբողջությամբ ենթարկվում է շուկայի տրամաբանությանը։ Երեխաների մեծ մասն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ավելի եկամտաբեր են։ Որոշակի պահանջարկ ունեն այն մասնագիտությունները, որոնք համեմատաբար էժան են։ Սա վատ է, քանի որ մի շարք մասնագիտությունների գծով ունենում ենք հետընթաց։ Հասարակությունը չի կարող զարգանալ միայն իրավաբաններ, բժիշկներ ու ծրագրավորողներ ունենալով։ Այս շարքում հատկապես մտահոգիչ է ուսուցիչների խնդիրը։

Մի բան պարզ է։ Եթե մենք չունենանք լավ ուսուցիչներ, որևէ հնարավորություն չունենք լավ հասարակություն ունենալու։ Հարուստներն իրենց երեխաներին մասնավոր դպրոցներ ու լրացուցիչ պարապմունքների ուղարկելով, կլուծեն սեփական երեխաների ապագայի խնդիրը, բայց հասարակության մեծ մասը կստանա ցածրորակ կրթություն։

Այս տարի ևս Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և Քիմիայի ֆակուլտետների դիմորդների թիվը չափազանց քիչ էր։ Ֆիզիկա մասնագիտությամբ դիմել էր ընդամենը 2 դիմորդ, իսկ Քիմիա մասնագիտությամբ՝ 3 դիմորդ։ Ի տարբերություն անցած տարվա, բարեբախտաբար, այս տարի ունենք նաև ընդունվող դիմորդներ այս մասնագիտությունների գծով։ Քիչ են նաև Աշխարհագրություն և Կենսաբանություն մասնագիտությամբ դիմորդները՝ համապատասխանաբար՝ 9 և 18։

Տեխնոլոգիա առարկայի գծով ունեցել ենք ընդամենը 4 դիմորդ։ Ռուսերենի և Գերմաներենի գծով դիմորդների թիվը նույնպես շատ քիչ է՝ 17 և 8։ Ընդ որում, ռուսերենը դպրոցներում ամենաշատ ժամաքանակ ունեցող առարկաներից է։

Եթե հաշվի առնենք դպրոցներում Մաթեմատիկայի և Հայոց լեզվի մեծ ժամաքանակները, բավարար չէ նաև այս երկու մասնագիտություններով դիմորդների թիվը։ Մաթեմատիկայի գծով դիմել է ընդամենը 31 դիմորդ, իսկ Հայոց լեզվի և գրականության գծով՝ 56 դիմորդ։ Բացի դիմորդների ցածր թվից, մտահոգիչ են նաև քննությունների արդյունքները։ Շատերն ընդունվում են 7.5-9 միավոր հավաքելով։

Մանկավարժական բուհերում անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Ցանկալի կլինի, որ այս բուհերի շրջանավարտների ուսման վարձերը պետությունը հետ վճարի տարիների ընթացքում, եթե նրանք առնվազն 10 տարի աշխատեն դպրոցում։  Պետք է լինեն ուսանողներին մոտիվացնող միջազգային և տեղական ծրագրեր։ Գործողությունների մի ամբողջ համալիր է պետք մշակել այս ուղղությամբ։

Եթե մենք մանկավարժական կրթության և մանկավարժի աշխատանքի համար չստեղծենք բարենպաստ պայմաններ, ապա Իրավագիտություն, Բուժական գործ, Հոգեբանություն մասնագիտությունների գծով մրցույթը հասնելու է անհավանական աստիճանի։ Թերզարգացած հասարակությունում ֆիզիկական և հոգեկան առողջությունը սովորաբար վատթար վիճակում է, ինչն էլ առաջ է բերելու բժիշկների, հոգեբանների և իրավաբանների մեծ պահանջարկ։ Նույն մանկավարժականում այս տարի ամենաշատ դիմորդներ (155 հոգի) եղել են Հոգեբանություն մասնագիտությամբ։ Այսինքն՝ ավելի շատ դիմորդներ, քան Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա, Բնագիտական առարկաներ մասնագիտությունները միասին վերցրած։

Այս տարի ևս Իրավագիտություն և Բուժական գործ մասնագիտությունների գծով աննախադեպ բարձր մրցույթ է եղել։ Անզեն աչքով նկատելի է, թե վերջին շրջանում որքան մարդաշատ են Հայաստանի հիվանդանոցները։ Մեծ հերթեր կան նաև իրավապահ համակարգում։ Այս ամենն արտացոլվում է նաև բուհերում։ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի անցողիկ շեմը եղել է 37.75 միավորը 40 հնարավորից։

Համեմատական իմաստով, սա երևի թե ամենաբարձր ցուցանիշն է այս ֆակուլտետի պատմության մեջ։ Օրինակ՝ 2019թ.-ին այս ֆակուլտետի անցողիկ միավորը եղել է 47.5՝ 3 քննության արդյունքում։ Այս տարի դիմորդները հանձնել են 2 քննություն։ Նման բարձր արդյունքի պատճառներից մեկն այն էր, որ այս տարի դիմորդների շուրջ 35 %-ը Հայոց պատմություն առարկայից ստացել էր 18-20 միավոր։

Նմանատիպ շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև Բժշկական համալսարանի Բուժական գործ մասնագիտությամբ։ Այստեղ ևս ընդունվել են 19 և 20 միավոր հավաքած դիմորդները։

Այսպիսով, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ՝ մասնագիտությունների ընտրության հարցում, ունենք բևեռացված վիճակ։ Եվ քանի որ չկա պետական միջամտություն, ավելի զարգանում են այն մասնագիտությունները, որոնք հիմնականում պայքարում են հանցագործությունների, հիվանդությունների դեմ։ Դասական գիտությունների և մանկավարժության ոլորտներում ամայի վիճակ է։

Սակայն այս միասնական քննությունների գլխավոր հարցը դեռևս մնում է անպատասխան։ Նախարարությունը սահմանել էր, որ այս տարի Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա առարկաների միջին գնահատականը կդառնա 15 միավոր, 2018 թվականի 12 միավորի փոխարեն։ Բայց այս ցուցանիշները ոչ միայն չմոտեցան 15-ին, այլև Մաթեմատիկայի պարագայում ամբողջ մեկ միավորով հետընթաց եղավ։ Այս հարցին դեռ ոչ մի պատասխան չի եղել։ Ինչո՞ւ էր նախարարությունը սահմանել այդ թիրախները։

Ինչպե՞ս պետք է ապահովվեին այդ ցուցանիշները, եթե ոչ Հայոց լեզվի ու գրականության, ոչ էլ Մաթեմատիկայի դասավանդման ասպարեզում ավագ դպրոցում բան չի փոխվել։