«Եթե մարդիկ չեն գալիս Հայաստանում աշխատելու, ուրեմն չկան երաշխիքներ, որ այստեղ ավելի լավ է լինելու». Սամսոն Գրիգորյան


00:12 , 25 հուլիս, 2021

168.am-ը գրում է․

Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Հայաստանում աշխատատեղերի աճ է գրանցվել:

168.am «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանին հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը, հնարավո՞ր է, օրինակ, որ վերաբացվում են կորոնավիրուսի ժամանակ փակված աշխատատեղերը:

«Աշխատատեղերի աճը չի կարող կորոնավիրուսի հետ կապված լինել,  համեմատականները նայել եմ 2019-ի էլ, 2018-ի էլ, նորմալ աճ կա, իսկապես կա աշխատատեղերի աճ: Համենայն դեպս, մենք արդեն աշխատուժի խնդիր ունենք շինարարության, առևտրի, սպասարկման ոլորտներում, մասնագետների խնդիր իսկապես ունենք»,- ասաց նա:

Վահան Քերոբյանը նույն գրառմամբ նաև կոչ էր արել «արտերկիր խոպանի գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու»:

Սամսոն Գրիգորյանի կարծիքով՝ դրա համար միայն բառերը բավարար չեն: Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը:

«Իմ կարծիքով, օրինակ, Եվրամիությունից այդ գումարը, որ պետք է ստանանք, կարելի էր այդ միջոցներով խոպան գնացող, արտերկրում աշխատող արհեստավորներին, բանվորական ուժին ավելի բարձր աշխատավարձ ապահովել, որ նրանք ավելի շահագրգռված լինեն Հայաստան վերադառնալու համար: Ուղղակի բառերով չես կարող մարդուն ետ բերել: Պետք է լինեն որոշակի երաշխիքներ, որ նրանց համար այստեղ ավելի լավ է լինելու:

Գոյություն ունի պահանջարկի և առաջարկի օրենք, կանոն, եթե մարդիկ չեն գալիս, ուրեմն՝ չկա այդ միջավայրը, ոչ ոք տհաս չէ, որ թողնի բարձր աշխատավարձը, գնա այլ երկրում ավելի ցածր աշխատավարձով աշխատի: Դրա համար Կառավարությունն էլ անելիք ունի, օրինակ, այդ գումարով ծրագրերը, որ պետք է իրականացնեն՝ ճանապարհաշինություն, դպրոցի, մանկապարտեզի շինարարություն, այնպես կազմակերպեն, որ աշխատուժի աշխատավարձի վրա մեծ գումար ծախսվի։ Այսինքն՝ աշխատավարձերը բարձրանան: Դա կբերի նրան, որ մարդիկ շահագրգռված կլինեն գալ Հայաստանում աշխատել»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե հասցրե՞լ է վերականգնվել փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտը, Գրիգորյանը պատասխանեց՝ ոչ ամբողջությամբ:

«Որոշ չափով, դեռ ամբողջական վերականգնում չի կարելի ասել, որովհետև գիտեք, կորոնայից հետո նաև պատերազմը մեծ հարված հասցրեց բիզնեսին, 100 տոկոսանոց վերականգնում դեռ չկա»:

Իսկ նկատելի՞ են Վահան Քերոբյանի մատնանշած «չնաշխարհիկ ծրագրերը», որոնք ուղղված են գյուղատնտեսության և տնտեսության ոլորտներին:

«Ծրագրերը, չեմ կարծում, որ կապված են այս պահին գործող մանր բիզնեսի հետ, միգուցե պարոն Քերոբյանը նոր ներդրումների մասին է խոսում, կամ ինչ-որ պետական տնտեսական ծրագրերի մասին է խոսում, որոնց մասին տեղյակ չեմ, բայց դա չի նշանակում, որ նման ծրագրեր չկան»,- պատասխանեց Գրիգորյանը: