Ֆրանսիայում լաբորատոր պայմաններում արհեստական ֆուա-գրա են աճեցրել


22:45 , 16 հուլիս, 2021

Ֆուա-գրա դելիկատեսը, որն ստեղծվել է լաբորատոր պայմաններում, ստացել է Ֆրանսիայի կառավարության հավանությունն ու աջակցությունը։ Դեգուստատորները նշել են, որ դրա համը հրաշալի է եղել։ 

Հատուկ եղանակով պատրաստվող բադի կամ սագի լյարդը համարվում է ամենաշքեղ ճաշատեսակներից մեկը։ Ֆրանսիայում ֆուա-գրայի օգտագործումը «ծիսակատարության» է նմանվում, քանի որ մշակույթի և ավանդույթների մի մասն է կազմում։ Ֆրանսիացիները ոչ մի տոն չեն անցկացնում առանց այս կերակրատեսակի։ 

Սակայն վերջերս ֆուա-գրայի շուկան անկում է ապրում։ Թռչուններին ստիպողաբար կերակրում են ստամոքսային զոնդի միջոցով, որպեսզի օրգանն արհեստականորեն հնարավորինս մեծանա։ 

Կենդանիների բարեկեցության մասին մտահոգությունները տասնյակ երկրների ստիպել են արգելել արտադրությունը։ Հաջորդ տարի Նյու Յորքը կհաջորդի Կալիֆորնիային և կարգելի ֆուա-գրայի վաճառքը ռեստորաններում, իսկ Մեծ Բրիտանիան ցանկանում է արգելք սահմանել դրա ներմուծման համար։ Անգամ Ֆրանսիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ օգտագործողների շուրջ 75%-ը կնախընտրեին այնպիսի դելիկատեսներ, որոնք պատրաստված լինեին առանց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի։ 

Նման ընտրություն այժմ գնորդներին պատրաստ է առաջարկել փարիզյան Gourmey ստարտափը, որն զբաղվում է մսի արհեստական աճեցմամբ։ «Ըստ էության, մենք ֆուա-գրան կազատենք առկա բոլոր հակասական մոտեցումներից», - հայտնել է ընկերության ղեկավարը։ 

Gourmey արտադրանքը պատրաստված է բադի ցողունային բջիջներից, որոնք վերցվում են բեղմնավորված ձվից, ապա աճեցվումե ն in vitro եղանակով։ Բիոռեակտորներում բջիջները սնուցվում են սննդարար նյութերով, որպեսզի զարգանան ճարպերը, մկանները և այլն։ 

Մասնավոր դեգուստացիայի ընթացքում մասնագետները նշել են, որ տապակած ֆուա-գրան հրաշալի համ է ունեցել։ Միսը բաց վարդագույն երանգ է ունեցել, կաշին՝ կարամելիզացված փափուկ ու նուրբ։ Այն ոչնչով չի տարբերվել իրական ֆուա-գրայից։ 

Gourmey-ը պետական աջակցություն է ստացել Ֆրանսիայից։ Նախատեսվում է, որ արհեստական մսի աճեցման ոլորտը 2040 թ․ կզբաղեցնի մսի համաշխարհային շուկայի արդեն 35%-ը։