Երկու դրկից հարևաններ երկար տարիներ մտերմություն էին անում. Կարոն ու Համոն: Կարոն լավ արհեստավոր էր. դուռ, լուսամուտ, կահույք, ինչպես ասում են. փայտից « մարդ կշիներ», բայց ուներ մի թերություն. հակում ուներ խմիչքի հանդեպ: Նա սովորություն ուներ առավոտ վաղ արթնանալու, մեկ, երկու, երեք բաժակ օղի կոնծելու ու գործի կանցներ:
Շատ էր պատահում, որ Համոն գալիս ձեռ էր գցում: Մի օր Կարոն արթնացավ, տեսավ օղու շիշը դատակ էր, բայց առանց բարի լույս անելու
ո՞նց սկսեր աշխատել. փորձեց, տախտակը ձեռքը վերցրեց, մոտեցավ սղոցարանին, սակայն հանդգնություն չուներ հոսանքը միացնելու. քթի տակ անընդհատ փնթփնթում է,-
-Էս ի՞նչ փորձանք էր. ուրեմն գիշերն եմ խմել, շիշը դատարկել:
Բա հիմա էսպես, առանց բարի լույս անելու ո՞նց աշխատեմ, բա որ մի փորձանքի գամ. չէ, էսպես չեղավ,- ինքն իրեն խոսում ու բակում ման էր գալիս: Հանկարծ կողքի բակից լսվեց Համոյի հազի ձայնը . Արդեն ասացի, որ Կարոն միշտ առավոտ վաղ էր արթնանում ու այդ ժամին ոչ մի տեղից օղի ճարելու հույս չուներ: Երբ լսեց Համոյի հազի ձայնը, ասես ողջ աշխարհն իրեն տվեցին, բայց կար մեկ ուրիշ հանգամանք. ինչպե՞ս
առավոտ վաղ դուռը թակեր ու իր բերանով խմիչք խնդրեր: Մտածեց, մտածեց ու գտավ այն պատճառը, որը շատ թե քիչ բավականին ծանրակշիռ թվաց... Բակից նկատեց, որ Համոն խաղողի այգին էր ջրում,
Կանչեց,- Համո՜, Համո՜ մի հատ ձեր դարպասը բաց, գործ կա:
-Բարի լույս,- ներս մտնելով ձեռքսեղմումով ողջունեց Կարոն:
-Ի՞նչ է եղել այ տղա, մի տեսակ ես, ոնց որ ջղայնացած լինես,-հարցրեց Համոն:
-Առավոտից ելել եմ, որ աշխատեմ, մեռա ման գալով ուրագս չկա, մտածեցի. կարո՞ղ է ձեր շունը բերած լինի...
Համոն հարցական նայեց Կարոյին.
-Ի՞նչ, ի՞նչ հո չես ցնդվել,- ծիծաղը չի կարողանում պահել Համոն:
-Բա ի՞նչ է եղել, սաղ տունը տակնուվարա արեցի, չգտա. դե ես էլ մտածեցի կարող է շունն է տարել...
-Կարո, իմ շունը պլոտնի՞կ ա, թե մեբելչիկ: Այ տղա թե ատամիտ տակ մի բան կա, ասա,- Համոն էլ չդիմացավ ,-
-Համո ջան մի նեղացի, շուն ա էլի կարողա տարած լինի. շան կողմից ընչի՞ ես երաշխավորում, իսկ որ ասում ես ատամիս տակ մի բան կա,
խմած էլ չեմ, որ ասես խմած եմ ու ինձնից դուրս խոսում եմ: Տանը մի կաթիլ արաղ էլ չկա, որ շառ անես: Չես հավատում, փչեմ, հոտ քաշի:
Այս խոսքի վրա Համոն գլխի է ընկնում ու ստի կծիկը բացվում է, բայց Կարոյի հոգու հետ խաղալու համար ասում է,-
-Էդ անտեր շունը, որ արաղ խմած է լինում, մեկ-մեկ գողություն է անում:
Ներող կլինես, ուրագիդ փայտե պոչը կարծել է ոսկոր է, շփոթվել է Կարո
ջան , շփոթվել: Հեսա էն քյոթակը կտամ, որ մեկ էլ շիշը չդնի բերանը խմի ու հարևանների տնից գողություն անի...
Էս ասելուն պես պոկում է մի ծառի ճյուղ , թե իբր ուզում է շանը ծեծել:
Կարոն վրա է պրծնում,-
-Այ տղա Համո խելքդ թռցրե՞լ ես, էդ անմեղ շան հետ գլուխ ես դնում:
Համոն տեսնում է խոսքցությունը շատ է երկարում, Կարոն էլ անհարմար վիճակում է հայտնվել, ասում է,-
-Կարո ջան իմ ուրագը կարասի կողքին դրածա մտի խորդանոց վերցրու,
ես չեմ կարող գալ, առուն լցվում է, գնա վերցրու օգտագործիր, հետո կբերես, հենց շան քեֆը թողեց կհարցնեմ, թե ուրագը որտե՞ղ է թողել, ինքս կբերեմ:
Կարոն ուրիշ ճար չուներ, որպեսզի սուտ դուրս չգա, սուս փուս գնում է դեպի խորդանոց:
Համոն հետևից բղավում է,-
-Կարո՜, Կարո՜ բաժակը կարասի կողքին դրվածա, կոկորդդ թրջիր...
Կարոյին էլ սա էր պետք . երեք բաժակ մաճառից կոնծեց ու որպեսզի սուտ դուրս չգա, ուրագը վերցրեց ու դուրս եկավ:
ՈՒրախացավ, որ իր հորինած սուտն իր գործն արեց, բայց ինքն իրենից դժգոհ փնթփնթալով գնաց,-
-Էս ի՞նչ օրն էս ընկել Կարո. մի բաժակ բարիլուսի համար խեղճ շանն ես գող հանում. բա դու ըտե՞նց տղա ես. Ամոթ քեզ Կարո, ամոթ...