«Իմ կյանքը հիմնովին փոխվեց». «Նեմրա» խմբի մենակատարը՝ ապագա ծրագրերի և իր ծննդյան օրը չսիրելու պատճառների մասին


15:47 , 12 հուլիս, 2021

«Շուտով կներկայացնենք նոր տեսահոլովակներ և կհայտարարենք նոր համերգների մասին, այս ամենը դեռ մշակման փուլում է, մոտ ապագայում կուրախացնենք մեր հանդիսատեսին»,- BlogNews.am կայքի հետ զրույցում պատմում է «Նեմրա» խմբի մենակատար Վան Եղիազարյանը՝ խոսելով նախորդ տարվանից հետաձգված ծրագրերի, դժվար տարուց հետո մնացած սպիների և իր գալիք ծննդյան օրվա մասին

Չնայած 2020 թվականի նետած բոլոր մարտահրավերներին՝ «Նեմրա»-ն մեծ ջանքերի շնորհիվ, այդ դժվարին ժամանակաշրջանում կարողացավ ակտիվ լինել և տեսահոլովակներ, երգեր և օնլայն համերգներ կազմակերպել հանդիսատեսի համար: Իսկ բոլոր չեղարված ծրագրերը կապված էին երկրից դուրս համերգների հետ, որոնք անհնար էր իրականացնել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով: 

Անդրադառնալով անցյալին՝ Վանը պատմում է, որ վերջին 3 տարիները լի են եղել դժվարություններով:
«Անկեղծ ասած, այս վերջին երեք տարիներին իմ կյանքը հիմնովին փոխվեց: 2018 թվականի առաջին մասն սկսվեց մեր խմբի մեծ և աննախադեպ վերելքով, բայց ավարտվեց մեր ընտանիքում անձնական մեծ դժբախտությամբ, այդ ամենից դեռ ուշքի չեկած, պատահեց ամբողջ աշխարհի համար այդ քաոսը՝ քովիդի տեսքով, իսկ հետո սարսափելի պատերազմը: Այս ամենից հետո ես բացարձակ այլ կերպ սկսեցի մոտենալ կյանքին ու ամբողջովին փոխվեցին պատկերացումներս, շատ հարցերի սկսեցի այլ կերպ նայել, և կարծես ոչ թե անցել է երեք տարի, այլ տասը տարուց ավելի»,-ասում է նա:

Չնայած բավականին երկար ժամանակ կորոնավիորուսի ու պատերազմի հետևանքով մշակութային կյանքը կանգնած էր՝ Վանը հավատացնում է, որ հանդիսատեսի մեջ ոչինչ չի փոխվել ու նշում է, թե դժվար ժամանակներից հետո ինչ է պետք այժմ ներկայացնել. «Այսքան երկար դադարից հետո կոնկրետ մեր հանդիսատեսը չի փոխվել, ուղղակի ավելի է մեծացել լսարանը, քանի որ այդ ընթացքում պարապ չենք մնացել և գործել ենք: Ինչպես նախկինում էինք հանդիսատեսի հետ իրար շատ լավ հասկանում, այնպես էլ հիմա, ուղղակի ավելի գնահատելով մեր անցկացրած ցանկացած դրական պահ, ցանկացած համերգ, և ավելի մեծ կարոտով ենք սպասում հերթական հանդիպմանը: Հանդիսատեսին պետք է ներկայացնել անկեղծը, մաքուրը, այն ինչ սիրելով ես ինքդ անում, և ամեն դեպքում զգացմունքն ու գաղափարը առաջնային պետք է լինեն, մանավանդ այժմյան ռոբոտային շրջանում, երբ մարդկանց մեծ մասը նախընտրում է անդադար կրկնվող մեկ ռիթմի տակ, առանց մեղեդիի, առանց գաղափարի, ուղղակի մի քանի ժամ նույն շարժումն անել, հիմա շատ ավելի կարևոր է պահել բնական երաժշտության ձևաչափը, պոեզիան, մեղեդին, զգացմունքը, հումորը, թախիծը, հուզմունքը, բողոքը... Հակառակ դեպքում գնալով ավելի ու ավելի կսկսենք նմանվել իրի»:

Շուտով Վանի ծննդյան օրն է: Արտիսը կիսվում է, որ հիմնականում փորձում է շրջանցել այդ օրը: «Ավելորդ լարվածություն է ինձ համար, սիրում եմ շնորհավորանքներ ստանալ, սիրում եմ այդ պահը, երբ մարդիկ, ում հետ տարիներով կապ չեմ ունեցել, կարող են հիշել, շնորհավորել, բայց միջոցառում անել ծնունդիս կապակցությամբ չեմ սիրում: Իմ ամենաստացված ծննդյան օրը «Նեմրա»-ի առաջին համերգն էր 2013 թվականին, այդ օրը առաջին անգամ նվագեցինք 1.5 ժամ ծրագրով մեկ ամբողջական համերգ և դա ամենատպավորիչ ծնունդս էր»:

Նշենք, որ «Նեմրա» խումբը հուլիսի 10-ին Գյումրիում համերգ պետք է ունենար, որը հետաձգվել է: Համերգը բացօթյա էր, հետաձգման պատճառը եղանակային պայմաններն էին։
Իսկ հուլիսի 11-ին խումբը Անգլիական այգում նոր համերգով հանդես եկավ՝ պարգևելով անմոռանալի էմոցիաներ իր հանդիսատեսին:

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի