16:21 , 17 օգոստոս, 2013
Մարդիկ մոռացել են մի պարզ ճշմարտություն, որ մարդը երջանիկ է այնքան, որքան որոշել է երջանիկ լինել: Նրանք մոռացել են, որ յուրաքանչյուրը ինքն է իր երջանկության դարբինը, և որ շատ հաճախ երջանկության համար ճոխություն և ցուցադրականություն հարկավոր չէ: Երջանկությունը չունի բանաձևեր և գաղտնիքներ: Երջանկությունը չի սիրում համեմատություն: Այն պարզ է: Երջանիկ լինելը շատ ավելի հեշտ է: Երջանկություն է ամեն առավոտ ծագող արևը, երջանկություն են մեր կողքը գտնվող մարդիկ, երջանկություն է պարզապես լիաթոք ծիծաղը, երբեմն նույնիսկ մեկ ջերմ ժպիտը: Երջանկություն է սիրելի աշխատանքը: Երջանկություն է սիրելը և սիրված լինելը…երջանկություն է մարդկանց երջանկացնել կարողանալը…
Իսկ դո՞ւք, դուք վերջին անգամ ե՞րբ եք ի սրտե շնորհակալ եղել ձեր ունեցածի համար, չե՞ք հիշում, կարծում եք, որ դուք երջանի՞կ չեք: Դուք երջանիկ եք, եթե անգամ չունեք շքեղ մեքենաներ ու տներ, չունեք միլիոնավոր դոլաներ ու պալատներ: Դուք չգիտեք, թե ինչքան երջանիկ եք, երջանիկ եք, միայն որ`
1. Դուք տառաճանաչ եք և հիմա կարդում եք այս տեքստը
Դուք գիտե՞ք, որ ամբողջ աշխարհում շուրջ 774 մլն մարդ կարդալ չգիտի, դա փոքր թիվ չէ, իսկ դուք այդ մարդկանց մեջ չեք, շնորհակալ եղեք:
2. Դուք առողջ եք
Դուք առողջ եք, և եթե անգամ հիվանդանաք, դա ընդամենը թեթև հարբուխ կլինի, ու մի քանի օրից ոտքի կկանգնեք, իսկ ի՞նչ ասեն այն փոքրիկ երեխաները, այն երիտասարդները, ովքեր կյանքի ու մահվան կռիվ են տալիս, ում հարազատները դռնեդուռ ընկած իրենց «վերջին հույս» վիրահատության գումարն են հավաքում: Դուք պատկերացնո՞ւմ եք այն մարդու վիճակը, ով բուժվելու ՀՈՒՅՍ անգամ չունի... Տա Աստված երբեք էլ չպատկերացնեք: Հիմա հասկացա՞ք, որ առողջ լինելը երջանիկ լինելու ամենագլխավոր պատճառն է:
3. Դուք ընտրության հնարավորություն ունեք
Դուք ավելի շատ ընտրության հնարավորություն ունեք, քան իրականում ձեզ պետք է: Դուք ազատ եք ընտրել ձեր զբաղմունքը, մասնագիտությունը, ընկերներին, աշխատանքը, հանգստի վայրը, հագուստը, բնակության վայրը: Ոչ ոք չի բռնանում ձեր ընտրելու հնարավորության վրա:
4. Դուք հարուստ մարդ եք
Եթե դուք կարծում եք, որ հարստությունը բանկային հաշիվները, շքեղ տներն ու մեքենաներն են, սխալվում եք: Դուք հարուստ եք, որ գիշերները սոված չեք քնում, իսկ առավոտները ձեր գլխի վերևում ծածկ կա: Իսկ դուք գիտե՞ք, որ երկրագնդի բնակչությունից 2 մլդ-ը ծայրահեղ աղքատ է համարվում, մարդիկ, ովքեր ՈՉԻՆՉ չունեն: Իսկ դուք ունեք... Գնահատեք դա:
5. Դուք տուն ունեք
Տան տակ պետք չի հասկանալ ձեր բնակարանը կամ վայրը, որտեղ ապրում եք: Տունը ձեր ընտանիքն է, մարդիկ, ովքեր սպասում են ձեզ, ժպիտները, որոնք դիմավորում են ձեզ տուն մտնելիս, տաք ապուրը, որ մատուցում են ամեն օր... Դուք ունեք տուն, ընտանիք` աշխարհի ամենաանգին գանձը, որը երբեք չի կարելի գնել...
6. Դուք հնարավորություն ունեք...
Դուք ամեն օր կյանքը նոր էջից սկսելու հնարավորություն ունեք, ձեզ ու ձեր մտքերը փոխելու հնարավորություն, ձեզ նորովի դրսևորելու հնարավորություն: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, որ կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում ոչինչ փոխելու հնարավորություն չունեն:
Հիմա հասկացա՞ք, որ դուք ԵՐՋԱՆԻԿ եք, հասկացա՞ք, որ շնորհակալ պետք է լինեք ձեր ունեցածի համար ու գնահատեք դա: Եվ հիշեք` բոլոր երջանիկներն էլ մի փոքր չեն հավատում իրենց երջանկությանը, բայց երջանկությունը դրանից չի նեղանում, երջանկությունը չի սիրում միայն, երբ իրեն չեն գնահատում…