14:59 , 17 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Օգոստոսի 8-ին լրատվամիջոցներում տարածվել էր, որ «Սթար» սուպերմարկետների ցանցը սնանկ է ճանաչվել: Սակայն սուպերմարկետների ցանցի ղեկավարությունը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ իրենք սնանկացման չեն գնալու, այլ այդ հարցը բողոքարկելու են դատական բոլոր ատյաններում:
Հիշեցնենք, որ «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ն, որին պատկանում է «Սթար» խանութների ցանցը, հուլիսի 29-ին սնանկ էր ճանաչել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Հայցը ներկայացրել էր «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն՝ իր պարտքերը հետ ստանալու ակնկալիքով: «Սթարը» ընկերությանը պարտք է 71 մլն 845 հազար դրամ:
«Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի հիմքով այժմ պարտատերերը պետք է ներկայացնեն իրենց պահանջները, կկատարվի վերլուծություն և կորոշվի՝ ընկերությունը տարվելու է առողջացման, թե սնանկության գործընթաց է սկսվելու: Սա կպարզվի առաջիկա 2-3 ամսում:
Այժմ ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով:
Մասնավորապես, «Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ն «Սթար Դիվայդից» պահանջում է 60.6 մլն դրամ, «Բարսիս» ՍՊԸ-ն՝ 44.4 մլն, «Գետնատուն» ՍՊԸ-ն՝ 2.2 մլն դրամ, «Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական» ՓԲԸ-ն՝ 1 մլն, «Գ.Գ.Գ. Մանուկյան» ՍՊԸ-ն՝ 4.37 մլն, «ՄԻԿԻ» ՍՊԸ-ն՝ 8.4 մլն, «Արովա» ՍՊԸ-ն՝ 2 մլն, «Սայմե» ՍՊԸ-ն՝ մոտ 4 մլն, «Պրոդինվեստ-ՏՊԿ» ՍՊԸ-ն՝ 1.5 մլն դրամ: