Ով է քննելու Մովսես Հակոբյանի քրեական գործը. գաղտնալսված դատավորն ու ԶՈՒ նախկին պետը


14:49 , 5 հուլիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին:

Հիշեցնենք, որ դատավոր Վաչե Մարգարյանի անունը շոշափվեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման գործով:

Ինչպես հայտնի է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) քրեական գործ է հարուցել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է գաղտնիքի հրապարակմանը առանց դավաճանության հատկանիշների։

ԱԱԾ-ն հաղորդում է, որ կատարված քննության արդյունքում հիմնավորված է համարում, որ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը 2020 թվականի նոյեմբերի 19-ին հարցազրույցներից մեկի ընթացքում հրապարակել է «պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ», մասնավորապես սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունների, զարգացման ծրագրերի, զինված ուժերի կիրառման ծրագրերի և այլ հարցերի շուրջ։

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ մեղադրանքը չափազանց ընդհանրական է. «Ընդհանրապես կապ չունի իր հետ»:

Ի դեպ, Գլխավոր շտաբի նախկին պետի նոյեմբերին արած հայտարարությունների մասով եւս մեկ քրեական գործ էլ քննվում է Հատուկ քննչական ծառայությունում,  որտեղ Մովսես Հակոբյանը անդրադարձել էր տարբեր պաշտոնյաների արարքների վերաբերյալ պատերազմի ընթացքում, որոնցից ամենամեծ ուշադրությանն արժանացել էր Հակոբյանի հայտարարությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով պատերազմի 3-րդ օրը կանգնեցվել է բանակի լրահամալրման գործընթացը։