3783 դիակ և մասունք անցել է դատաբժշկական փորձաքննություն, 81 փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում. ԱՆ


17:30 , 1 հուլիս, 2021

AntiFake.am-ը գրում է.

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունիսի 25-ը ներառյալ կատարվել է դիակներից և մասունքներից վերցված թվով 3783 փորձանմուշի դատաբժշկական փորձաքննություն, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հունիսի 25-ի դրությամբ 3783 փորձանմուշից 81-ը դեռևս գտնվում է ԴՆԹ կրկնակի փորձաքննության փուլում, հայտնել են առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ մինչ այս պահը հայ հանրությանը հայտնի չէ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների ամբողջական թիվը, հայտնի չէ, թե զոհված զինծառայողներից քանիսն են հուղարկավորվել և քանիսի աճյուններն են գտնվում դիահերձարաններում։ Հայտնի չեն նաև անհետ կորած զինծառայողների և գերիների իրական թիվը։

AntiFake.am-ին առողջապահության նախարարությունից հրաժարվել են հայտնել Հայաստանի դիահերձարաններում պահվող Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների աճյունների թիվը՝ համարելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել են, որ զոհերի թիվը 4000-ից չի անցնի, մինչդեռ ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մինչև 5000 զոհի մասին։