Պարոնայք սպաներ և գեներալներ, պետությունը բանա՞կն է, թե՞ Նիկոլ Փաշինյան անձը


20:08 , 24 հունիս, 2021

168.am-ը գրում է.

Հունիսի 21-ի ընտրություններում, ինչպես արդեն գրել ենք, բանակային գրեթե բոլոր կորպուսները մոտ 80 տոկոսով ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, ավելին, զորամասեր են եղել, որ ամբողջությամբ են նրան ընտրել:

Շատ քննարկվեց՝ արդյո՞ք զինվորները ենթարկվել են Փաշինյանին ընտրելու հրահանգին, թե՞ որոշ դեպքերում զինվորներն իրենք են այդպես որոշել:

Ըստ էության, այս դեպքում կարևոր չէ, թե ինչ եղանակով են նախընտրական ամբողջ շրջանում բանակի հասցեին վիրավորական և նվաստացուցիչ խոսքեր նետած իշխանությունները բանակից մեծաթիվ և որոշիչ ձայներ ստացել: Էական է այն, որ բանակը կողմ արտահայտվեց բանակի քանդմանը, իր չլինելիությանը: Իսկ սա լոկ էմոցիոնալ գնահատական չէ. հայկական զինված ուժերն աստիճանաբար հեռացվում են սահմանադրորեն ամրագրված իրենց պարտականությունից՝ ապահովել ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այս հեռացումը ոչ հեռու անցյալում օրենքի ուժ է ստանալու, այսինքն, դե յուրե ՀՀ զինված ուժերը աստիճանաբար չեն կատարելու այն, ինչ կատարել են նախկին իշխանությունների ժամանակ և շարունակում են կատարել նրանցից մնացած օրենքների շրջանակում:

Դե ֆակտո արդեն իսկ այս փաստի հետ բախվել ենք՝ պետական սահմանի անձեռնմխելիության հարցը թողնելով քաղաքադիվանագիտական կամքին՝ ներսի և դրսի, ինչը նոր որակ է ստանալու: Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ խոսեց Սոթք-Խոզնավար հատվածում ռուս սահմանապահների հնարավոր տեղակայման մասին: Երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց՝ Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու շուրջ բանակցություններ են ընթանում:

Սակայն, չկա որևէ երաշխիք, որ այս պատկերը լինելու է նաև այլ հատվածներում, որտեղ դիրքային խնդիր, ըստ էության, չկա:

Դեռևս փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ բանակի թվի կրճատում ենք ունենալու պաշտպանական, ռազմական բարեփոխումների արդյունքում: Արդեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության նախընտրական ծրագրում հստակ խոսվում է ժամկետային պարտադիր ծառայության վերաձևման մասին, և՝ ոչ միայն:

Իշխանությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում՝ անվտանգությանն ու բանակին վերաբերող հատվածում, մասնավորապես, ասվում է.

«Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը: Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում և Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիք է»:

Փաշինյանի նախընտրական ծրագիրը հատատում է վերևում ասված միտքը և այն մտավախությունը, որ ռուս սահմանապահները՝ ՀՀ ԶՈւ փոխարեն, կարող են նաև այլ հատվածներում ստանձնել ՀՀ պետական սահմանի կամ հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունը:

Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին 168.am տեղեկացրել էր, որ ռուս զինծառայողների այցը ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) շրջանակում է, այսինքն՝ ՌԷՊ կայանների տեղադրման կետերի համար չափումներ են արվել, և նախատեսված է կայան Սևքարի գլխին, այսինքն՝ գործ ունենք տարածքային-սահմանային խնդիրների լուծման փորձի հետ:

Հավելենք, որ եթե ԽՍՀՄ քարտեզը «հասնի» Տավուշի մարզ, ապա մարտական դիրքեր ենք կորցնելու: Օրինակ, հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքը կարող է դառնալ չեզոք գոտի, Շամշադինից, Նոյեմբերյանից դիրքեր կարող ենք կորցնել:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ, ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան): 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է. եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Նշենք նաև, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան, այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:

Նախքան ընտրությունները շատերը վստահ էին, որ 3-րդ բանակային կորպուսը՝ Գրիշա Խաչատուրովի գլխավորությամբ, Տավուշից դիրքերի կորուստ թույլ չի տալու:

Սրանում ոչ մի կասկած, պարզապես նման հարցերն այսօր որոշվում են քաղաքական և դիվանագիտական դաշտում՝ փակ գաղտնի ռեժիմով, նաև՝ ընտրությունների միջոցով: Այս տրամաբանության շրջանակում, թերևս, ընտրությունների նախօրեին կասեցվեցին Մեհրաբի զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի ծառայողական պարտականությունները, իսկ նորանշանակ հրամանատարի մասով տեղեկություններ շրջանառվեցին, թե ուղղորդել է զինվորներին՝ քվեարկել իշխանությունների օգտին: Իսկ մարզի որոշ համայնքների բնակիչները, բնակիչ- պայմանագրային զինծառայողները, որոնք ինչ-որ պահի գուցե ապավինել են Գրիգորի Խաչատուրովի հայրենասիրությանը և ուժին, իսկ դրանից առաջ՝ իրենց համագյուղացի, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ընտրություններում քվեարկել են Փաշինյանի օգտին: Այս դեպքում ի՞նչ կարող է անել միայն Գրիգորի Խաչատուրովի հայրենասիրությունն ու պայքարը, հատկապես այն դեպքում, երբ նա 3 տարի իշխանության թիրախում է, մասնավորապես, հուլիսյան դեպքերից հետո, երբ ամեն կերպ փորձ արվեց գլխատել 3-րդ բանակային կորպուսը, որը միակն է, որ շատ տեղերում, ըստ ադրբեջանական մամուլի, չի ենթարկվել և ենթարկվում Փաշինյանին:

Այս տրամաբանության շրջանակում է, թերևս, որ ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, պատերազմի ընթացքում կորպուսից ամբողջ հրետանին տեղափոխել են Արցախ, դրանից հետո՝ նաև Իջևանի գնդի ենթակայության ամբողջ հրետանին և գումարտակային ենթակայության ականանետերը: Ավելին, Իջևանի գունդը, որը մեկնել էր Արցախ և բավականին զոհեր տվել Իշխանաձորի հատվածում՝ Փաշինյանի որդուն փրկելու համար, բաղկացած է եղել միայն սպաներից և ժամկետայիններից, պայմանագրային զինծառայողները, որոնց ճանապարհը փակել էին հարազատները, մնացել են Իջևանում, և ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել՝ չնայած Օնիկ Գասպարյանի պնդմանը:

Այս օպերացիան այլ խոսակցության թեմա է, ուստի վերադառնանք բանակի կատարած ընտրությանը, Փաշինյանի օգտին գործած սպաները կամա թե ակամա ոչ միայն կողմ են քվեարկել բանակի կազմալուծմանը, այլև իրենց իսկ կարիերայի կործանմանը, թեպետ իշխանությունների օգտին գործել են այն պահելու համար: Նրանք կողմ են արտահայտվել նաև զինծառայողների շրջանակում սոցիալական խնդիրների սրմանը, եթե հաշվի առնենք, որ իշխող քաղաքական ուժի ծրագրով ՀՀ զինված ուժերին տեղ-տեղ կամ շատ տեղերում փոխարինելու են ռուս սահմանապահները, իսկ պայմանագրային զինծառայողներից ստիպված են լինելու Ռուսաստանում «ասֆալտ փռել»:

Այսինքն, եթե զինվորները չեն խորացել նախընտրական ծրագրերի մեջ, ապա սպաները և բարձրաստիճան զինվորականները հաստատ աչքի տակով անցկացրել են այն:

 «Պատիվ ունեմ» դաշինքը, օրինակ, խոստանում էր.

-անընդհատ ավելացնել Զինված ուժերի կարողությունները, այդ թվում` սպառազինությունների և տեխնիկայի շարունակական և հետևողական արդիականացման, ռազմաքաղաքական ռեսուրսների և ռազմավարական զսպման արդյունավետ համակարգերի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միջոցով:

-բարելավել թիկունքային ապահովումը, այդ թվում` անհրաժեշտ նոր ենթակառուցվածքների ստեղծման, նյութատեխնիկական ռեսուրսների ճշգրիտ պլանավորման, դրանց արդյունավետ կառավարման և արդիականացման միջոցով,

-զարգացնել ասիմետրիկ և հատուկ գործողություններ իրականացնելու, լայնածավալ մարտական գործողությունները կոնվենցիոնալ միջոցներով զսպելու, «պատշաճ հեռավարությամբ» հարվածներ հասցնելու և մարտական գործողություններն ապակենտրոնացված ու տարատեղակայված կերպով վարելու ունակությունները,

-ընդլայնել և զարգացնել սահմանապահ ծառայության կարողություններն ու ռազմատեխնիկական ռեսուրսները,

-գործողության մեջ դնել և կատարելագործել սահմանների պաշտպանության և մարտի վարման միասնական ավտոմատ կառավարման համակարգեր՝ տեխնիկական հարցերում մարդու գործոնը հասցնելով նվազագույնի,

-խորացնել հասարակություն-բանակ երկխոսությունը, ներդնել զինվորական ծառայության այլընտրանքային լուծումներ, զարգացնել ակտիվ պահեստազորի և պայմանագրային ծառայության կարողությունները, պրոակտիվ դարձնել զորակոչի, զորահավաքի և կամավորների հավաքագրման գործընթացները:

Դաշինքը իր նախընտրական ծրագրում նշում է, որ պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային և պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները և զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից։ Պայմանագրայինների մասով էլ ասվում է, որ պետք է պայմանագրային հիմունքներով ծառայության մեջ գտնվող անձանց համար ներդրվեն գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման ու կատարելագործման, պաշտոնեական ու դիրքային առաջխաղացման, սոցիալական երաշխիքների արդյունավետ մեխանիզմներ, ինչի արդյունքում զինվորական ծառայությունը կդառնա առավել գրավիչ մասնագիտություն։

«Հայաստան» դաշինքն էլ, օրինակ, գտնում է, որ պետք է մերժել պարտվածի հոգեբանությունը և կերտել արժանապատիվ խաղաղություն։

«Ժամանակակից զինատեսակներով զինված, մարտունակ, ուժեղ ազգային բանակն է Հայաստանի և Արցախի խաղաղ սահմանների երաշխիքը,- կարծում են դաշինքում և հավելում,- Վերակառուցելու ենք զինված ուժերը՝ գործադրելով ժամանակակից և համագործակցային պաշտպանական քաղաքականություն: Առաջնային են լինելու Հայաստանի և Արցախի տարածքների բնակավորման և ինժեներական կառույցների օպերատիվ կահավորումը, ուժային և ոչ ուժային ռազմավարական զսպման կարողությունների տեխնոլոգիապես հագեցվածությունը, բարձր շարժունակության և ժամանակակից փորձի հիման վրա անձնակազմի պատրաստության համադրումը»:

Ըստ նրանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շրջանակներում հատուկ ստորաբաժանումներ պետք է ձևավորել՝ ուղղված զինված ուժերում նորարական տեխնոլոգիաների զարգացմանը, ադապտացմանը և կիրառմանը:

Բայց այս ծրագրերն ու բանակի զարգացման հստակ հեռանկարները մի կողմ թողնելով, բանակային կորպուսները, որոնց ղեկավարները նախկինների օրոք են յուրաքանչյուրն իր ուժերի չափով բանակ կերտել, իրենց կարիերան ստեղծել, և պատասխանատու են նախկինների սխալների համար, ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, երբ դեռևս ամիսներ առաջ նրա հրաժարականն էին պահանջում: Իսկ մենք պաշտպանում էինք նրանց Փաշինյանի մեղադրանքներից՝ պնդելով, որ պետությունը բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը: Մինչդեռ ընտրությունների արդյունքում բանակը հակառակը ցույց տվեց՝ բանակը Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե պետությունը: Հարցն այն է՝ երբ գա 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու ժամանակը, արդյոք Փաշինյանը կառաջնորդվի՞ սրանով: Բնականաբար՝ ոչ: Եվ եթե ՊՆ և ԶՈՒ ղեկավարությանը թվում է, որ Փաշինյանին ընդառաջ գնալով՝ երկրում կայունություն և անվտանգություն են ապահովելու, չարաչար սխալվում են:

1998-ի փետրվարի 3-ին Վազգեն Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատճառներին, ասել էր.

«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ հեռացներ՝ որպես Պաշտպանության նախարար, ես հեռանալու էի, բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա: Այստեղ պատասխանատվության խնդիր կա, ոչ թե մեկը մյուսին հեռացնելու: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ, և Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը եղած մի շարք մարդկանց շուրջ: Ես համարում եմ, որ բանակը ՀՀ կայունության և պաշտպանության հիմքն է: Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն: Առանց բանակի չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»:

Հիմա, հարգելի սպաներ, Նիկոլ Փաշինյանին չհեռացնելու և դրա հետևանքների պատասխանատվությունը ձեզ վրա է: Պատրա՞ստ եք կրել ոչ միայն 44-օրյա պատերազմի փաշինյանական պարտության ամբողջ բեռը, այլև Փաշինյանին չհեռացնելու: