22:02 , 16 օգոստոս, 2013
Galatv.am-ը գրում է.
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Նոր լուր առա, որ «Գյումրի-ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» տարեկան հաստատված ծրագրից հանել են ԱՊՀ ինտելեկտուալ փառատոնը, աղյուսակում համար 20 տողը: Աղյուսակում կտեսնեք բազմաթիվ միջոցառումներ, որոնց ֆինանսավորումը կառավարության որոշմամբ ապահովված է արդեն, կան միջոցառումներ, որոնց համար կառավարությունը փող չի հատկացնում, բայց մշակույթի նախարարության վրա է անելը, կան բաներ, որ քաղաքային բյուջեով է արվելու, բաներ էլ կան, որ առաջարկողի անունն են գրել դեմը, բայց ֆինանսավորման աղբյուրը մինչ օրս պարզ չէ: 100 անգամ հարցապնդել ենք, թե աղբյուրներն ասեք, ասում են` չգիտենք դեռ. տեսնես երբ են իմանալու` 2022-ի՞ն: Հիմա էլ եղած մոտ 200 առաջարկներից, երկար-բարակ քննարկել-ջոկելուց հետո հաստատված 47 միջոցառումներից մեկը պակասեցրել են: Ինտելեկտուալ փառատոնը ամենաշատը չի սազում սրանց, փաստորեն, հարկ էր, որ վաղուց կռահած լինեին»:
Մեր լրագրողն այս հարցով դիմել է նախ Սամվել Բալասանյանին՝ պարզելու համար, թե մշակութային մայրաքաղաքի քաղաքապետը տեղյա՞կ է արդյոք, որ ծրագրից միջոցառումներ են դուրս թողնվել, ու՞մ որոշմամբ և ի՞նչ պատճառով: «Բայց ո՞վ է ասել, որ նման բան կա, չկա էդպիսի բան, բոլորն իրականացվելու են սեպտեմբերից սկսած, ըստ հերթականության, գրաֆիկով գնում է: Ասեմ, որ ավելի շատ միջոցառումներ են արվում, քան ծրագրով նախատեսված է, իսկ ավելի կոնկրետ էդ հարցով փոխքաղաքապետ Սանոյան Ռուբիկն է զբաղվում»,- մեր լրագրողին փոխանցել է Սամվել Բալասանյանը: Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումներից մեկը, որի ֆինանսավորումն իրականացվելու էր մշակույթի նախարարության կողմից, հանվել է միջոցառումների ցանկից, բայց թե ինչ պատճառով, տեղյակ չեն. «Սկզբից եղել է, վերջին անգամ հանվել է դա, մենք չենք հանել, մշակույթի նախարարությունը, ֆինանսավորողն իրանք են, ծրագիրը լրամշակել ուղարկել են, չկա այդ միջոցառումը, սկզբից կար, իրանք են որոշողը, մենք չենք, ֆինանսավորողն իրանք են, կուզեն կհանեն, կուզեն կթողնեն»,- ասել է Ռուբեն Սանոյանը:
Մեր լրագրողը զրուցել է նաև ԱՊՀ ինտելեկտուալ փառատոնի կազմակերպիչ Սեյրան Մարտիրոսյանի հետ: Ըստ նրա՝ միջոցառման համար նախատեսված է եղել 10 միլիոն դրամ գումար, բայց այն կասեցվել է. «Սա առաջին դեպքը չէ, ոչ էլ վերջինը կլինի, քաղաքական նկատառումներով ինչ-որ բան որոշվում է՝ Գյումրին մշակութային մայրաքաղաք, ուռա, նույն նախարարության աշխատակիցը նշում է, թե այն հիմնադրամը, որը այս տարվա միջոցառումների համար գումար պետք է տրամադրեր, չի տրամադրել, և եղած միջոցառումներն էլ նախորդ տարվա տնտեսած գումարներից են իրականացվել: Մենք նույնիսկ պատահական ենք իմանում, որ այդ միջոցառումը հանվել է, հարկավոր էր գրավոր, պատշաճ ձևով ծանուցել, դա բարոյական չափանիշների խախտում է, էդ ամբողջ կառույցի՝ նախարարության ոճն է անպատասխանատու»,- ասել է Սեյրան Մարտիրոսյանը:
Խնդրով ԳԱԼԱ-ի լրագրողը դիմել է նաև մշակույթի նախարարություն, որտեղից մեր լրագրողին փոխանցել են, որ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումներով զբաղվող փոխնախարար Արթուր Պողոսյանն այս օրերին գտնվում է արձակուրդում, լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուն ևս: Հետևաբար մեր լրագրողը հատուկ հարցում ուղարկել է նախարար Հասմիկ Պողոսյանին, որով հետաքրքրվել է, թե մշակութային մայրաքաղաքի միջոցառումներից քանի՞սն է իրականացվում պետական միջոցներով, որքա՞ն է դրանցից յուրաքանչյուրի արժողությունը, և ի՞նչ պատճառով են որոշ միջոցառումներ կասեցվել, և կամ այդ մասին ի՞նչ պատճառով նախօրոք չի ծանուցվել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ