Հնդկաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ


23:55 , 21 հունիս, 2021

Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ստացել է «դելտա պլյուս» անվանումը: Այդ մասին հաղորդել է The Hindustan Times-ը։

Ընդհանուր առմամբ շտամի նոր տարբերակով վարակման 20 դեպք է  հայտնաբերվել Մահարաշտրայի նահանգի չորս շրջաններում՝ Սինդհուդուրգում, Ռաթնագիրիում, Փալգարում եւ Ջալգաոնում: Նմուշներն ուղարկվել են գենոմի հաջորդակարգման՝ մուտացիայի ենթարկված վիրուսի համաճարակաբանական բնութագրերն ուսումնասիրելու նպատակով:

Նահանգի առողջապահության նախարար Ռաջես Տոպեն, թեեւ հաստատել է CSIR-IGIB-ից (Գենոմիկայի եւ ինտեգրատիվ կենսաբաանության ինստիտուտ) գենոմի հաջորդակարգման վերաբերյալ հաշվետվության ստացումը, հրաժարվել է այդ հարցը քննարկել մինչեւ հունիսի 21-ը:

«CSIR-IGIB-ը պատրաստել է նմուշների վրա հիմնված հաշվետվություն, որոնք հավաքվել էին նահանգի բոլոր շրջաններում կորոնավիրուսով վարակված հիվանդներից… Զեկույցի բովանդակությունը կքննարկվի նիստում, որը կկայանա հունիսի 21-ին, եւ կարվեն եզրակացություններ…»,-ասել է նա:

Մարտի վերջին Հնդկաստանում հայտնաբերել են կրկնակի մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի նոր տարատեսակ, որը նաեւ հայտնի է որպես B.1.617: Այդ տարբերակն ավելի վարակիչ է, քան «սովորական» SARS-CoV-2 կորոնավիրուսը, որը Չինաստանի Ուհանի նահանգում հայտնաբերվել է անցյալ տարվա սկզբին: Մինչ այդ հայտնի էր դարձել կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակների մասին, որոնք նույնպես «ուհանյան» COVID-19-ից տարբերվում են բարձր վարակելիությամբ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: