Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման ընթացք է տրվել, հարուցվել է 6 քրեական գործ


11:59 , 21 հունիս, 2021

Գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

«Նշված ժամանակահատվածում, մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ:

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:

Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով,

1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով:

Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: 

Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ: