ԱՄՆ-ում ձերբակալել են Միշել Օբամայի «որդեգիր տղային»


18:36 , 16 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Տեխասի բանկը հրաժարվել է գումար տրամադրել 32-ամյա տղամարդուն, որը հայտարարել է, որ իրեն որդեգրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշելը, հաղորդում է The Huffington Post-ը:

Ծնունդով Քոլեջ Սթեյշեն քաղաքից Ջոնի Գուդենին սպառնում է ազատազրկում: Հաղորդվում է, որ նա հայտնվել է Chase բանկի մասնաճյուղում և պահանջել գումար տրամադրել իրեն նախագահի հաշվից՝ հայտարարելով, որ պետության ղեկավարի կինը Facebook սոցիալական ցանցով օգոստոսի 9-ին անձամբ հաղորդել է այն մասին, որ որոշել է որդեգրել իրեն:

Այն բանից հետո, երբ բանկի աշխատակիցները Գուդենին ասել են, որ Օբաման իրենց բանկում հաշիվ չի բացել, նա շարունակել է պնդել, որ իրեն գումար տրամադրեն: Գանձապահները ոստիկանություն են կանչել: Ոստիկանները բացահայտել են, որ Գուդենը հետախուզման մեջ է հարևան շրջանում ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց տալու և բարձրաստիճան պաշտոնյայի վրա հարձակվելու համար: Բացի դրանից՝ Գուդենի մոտ հայտնաբերվել է մարիխուանա:

Գուդենին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում: ԱՄՆ նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել «որդեգիր երեխայի» հետ կապված պատմությունը: