Գրենլանդիայի սառույցների հալման պատճառը Երկրի ընդերքից բխող տաքությունն է


21:20 , 16 օգոստոս, 2013

«The Daily Mail» պարբերականը հաղորդում է, որ ըստ միջազգային հետազոտողների խումբի` Գրենլանդիայի սառույցները հալվում են Երկրի ներսից բխող տաքության հետևանքով: Հետազոտության մասնակցող գիտնականները պնդում են, որ նրանք առաջինն են, որ հայտնաբերել են Գրենլանդիայի սառույցների հալման ու Երկրի ընդերքի տաքության միջև եղած կապը:
Ըստ նրանց` իրենց հայտնագործությունը կլիմայական փոփոխությունների և Գրենլանդիայի տարածքի սառույցների հալման պատճառների մասին հետագա կանխատեսումներում կարող է մեծ ազդեցություն ու կարևորություն ունենալ:
 Greenland

Համարվում է, որ Գրենլանդիայի հալվող սառույցները ապագայում ծովի մակարդակի բարձրացմանը նպաստող կարևորագույն գործոններից են:
Եթե Գրենլանդիայի ամբողջ սառույցը հալվի, ապա ծովի մակարդակը կբարձրանա ավելի քան 7 մետրով: Վերջին տասնամյակում սառցե ընդհանուր կտորից մեծ քանակությամբ սառույց է հալվել, ինչը ամբողջական սառույցից առանձնացող այսբերգների հետևանք է:
Միջազգային հետազոտությունների «IceGeoHeat» նախաձեռնությունը Գերմանիայի GFZ հետազոտական կենտրոնի գլխավորությամբ նշում են, թե Երկրի ընդերքից եկող տաքության ազդեցությունը ներկա կլիմայական փոփոխությունների վրա թերագնահատվում է: Նրանք փորձել են համակարգչի օգնությամբ ստանալ երկրի թվային մոդելը և նշել այն մասը, որտեղ երկրակեղևից արտազատվող տաքությունն առավել է ազդում հալվող մակերեսի վրա:

Greenland

«Nature Geoscience» գիտական պարբերականում հրապարակված հոդվածում նշված է, որ Երկրի ընդերքից արտազատվող տաքության էֆեկտը չի կարելի անտեսել կլիմայի փոփոխության հետ կապված հետազոտական զեկույցներ ու տվյալներ կազմելիս:
Գրենլանդիան տարեկան 227 գեգատոննա սառույց է կորցնում և ծովի մակարդակի բարձրացմանը տարեկան նպաստում 3մմ-ի չափով:
Գիտնականներ Ալեքսեյ Պետրունինը և Իրինա Րոգոժինան փորձել են միավորել նախնական կլիմայական փոփոխության հետ կապված մոդելները Գրենլանդիայի լիտոսֆերայի (քարոլորտ) տերմոմեխանիկական մոդելի հետ: Ինչպես պարզ է դարձել նախատիպերի հետազոտությունից, Գրենլանդիայի սառույցները հալվում են Երկրի ընդերքի տաքության և ջերմաստիճանի փոփոխության արդյունքում առաջացած սառցադաշտային ցիկլերի հետևանքով:

 Arctic
Գիտնականները նշում են, որ կան հատվածներ, որոնք ավելի արագ են հալվում, սակայն գտնվում են խիստ սառը այլ հատվածների հարևանությամբ: Նրանք նաև նշում են, որ ներկա կլիմայական փոփոխությունները Երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած երկար գործընթացի արդյունքն են: Գրենլանդիայի լիտոսֆերան 2.8 – 1.7 միլիարդ տարեկան է, և դրա կենտրոնական մասի լիտոսֆերան միայն 70-80 կմ հաստություն ունի:
Գիտնականները նաև հավատացած են, որ հնարավոր է տեխնիկական միջոցներով արհեստականորեն սառեցնել և կանխել գլոբալ տաքացումը, սակայն շատ կարևոր հարց կա, թե արդյո՞ք պետք է անել դա: