Կոդավորված ինֆորմացիա. ի՞նչ է 40 տարի շարունակ հեռարձակում ամենատարօրինակ ռադիոկայանը


22:45 , 18 հունիս, 2021

2017 թ. BBC կայքը հանրային հասանելիության հանեց աշխարհի ամենախորհրդավոր ռադիոկայաններից մեկի վերաբերյալ ուսումնասիրություն։ Խոսքը գնում է УВБ-76-ի մասին։ Ռադիոկայանը հայտնի է ավելի քան 30 տարի, սակայն դրա սեփականատերն ու ստեղծման նպատակը մինչ օրս շարունակում են անհայտ մնալ։

Ռադիոկայանի գործողության ժամանակի մեծ հատվածում միայն որոշակի հաճախականությամբ աղմուկ է լսվում։ Զարմանալի է, սակայն անգամ աղմուկն ունի իր ռիթմը, ինչը վկայում է կոդավորված ձայնագրության առկայության մասին։ Հազվադեպ եթերում լսվում են տարբեր բառեր, որոնք մեկը մյուսի հետ կապ չունեն։

Առաջին հաղորդագրությունը կայանով հայտնվել է 1982 թ.։ Շատերը կարծում էին, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կայանի գործողությունը ևս կդադարի, սակայն դա տեղի չունեցավ։ Ընդհակառակը, УВБ-76-ն առավել ակտիվացավ։ Եթե նախկինում հանելուկային բառերը եթերում լսվում էին տարին եմկ անգամ, ապա դրանից հետո լսվում էին գրեթե ամեն օր։

Ի սկզբանե ենթադրվում էր, որ կայանը նույն հաղորդագրությունն է հայտնում, սակայն ուսումնասիրությունները հակառակն ապացուցեցին։ Արտահայտությունները տարբեր հաճախականությամբ են արտաբերվում։ Ռադիոկայանով հետաքրքրվել են անգամ պարանորմալ երևույթների սիրահարները, քանի որ արտասովոր բառերի ու աղմուկի բացատրությունն այդպես էլ չի տրվել։

Եթե նախկինում լսվում էին միայն առանձին բառեր, ապա Միության փլուզումից հետո աստիճանաբար ավելացան բառակապակցություններ, թվեր, կանացի ձայն և արտասովոր երկխոսություններ՝ նման հեռախոսային խոսակցությունների։

Ռադիսիրողների մեծ մասը կարծում է, որ կայանն օգտագործվում է ռազմական նպատակներով. դրա միջոցով լրտեսները փոխանցում են կոդավորված տեղեկատվություն։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ УВБ-76-ն պատկանում է հանցավոր խմբավորման։

Վերջին վարկածը քիչ հավանական է, իսկ առաջինը՝ մտածելու տեղիք է տալիս։ Երբ փորձել են գտնել ռադիոկայանի հաղորդիչը, հայտնվել են Լենինգրադի շրջանումգտնվող ռազմաբազայում։ Մինչ այդ ռազմաբազան գտնվել է Մոսկվայից ոչ հեռու, որտեղից էլ դուրս է եկել ազդանշանը։ Սակայն ռազմական ծառայությունները հերքում են իրենց կապը կայանի հետ։