Ճապոնացի զինվորը շարունակել է կռվել Երկրորդ համաշխարհայինի ավարտից 29 տարի անց, քանի որ չի իմացել, որ պատերազմն ավարտվել է


18:00 , 16 օգոստոս, 2013

Մի ճապոնացի զինվոր շարունակել է կռվել ճապոնացիների ընկրկումից հետո 29 տարի շարունակ, քանզի նա չի իմացել, որ II համաշխարհային պատերազմն ավարտվել է:  Հիրո Օնոդան ճապոնացի է, ով սկզբում աշխատում էր չինական առևտրական կազմակերպությունում: Երբ լրացավ նրա քսան տարին, նա գնաց ճապոնական բանակ: Նա հետագայում հատուկ ռազմական դասընթացներ անցավ Նաքանո դպրոցում: 

1944 թ. դեկտեմբերի 26-ին Օնոդային ուղարկեցին Ֆիլիպինների Լուբանգի կղզի: Նրա հրամանատար Յոշիմի Թանիգուչին հասարակ կարգադրություններ էր տալիս նրան. 

«Երեք տարի անցնի, թե հինգ, ինչ էլ որ լինի, մենք գալու ենք քո հետևից: Սակայն մինչ այդ, անգամ եթե միայն մեկ զինվոր ունենաս, դու պարտավոր ես առաջնորդել նրան: Ինչ պայմաններում էլ որ հայտնվես, դու իրավունք չունես հանձնվել»:

Hiroo OnodaՕնոդան հետագայում կապեր հաստատեց այլ ճապոնացի ծառայողների հետ, որոնք արդեն կղզում էին: Դրանից կարճ ժամանակ անց թշնամու զորքերը պաշարեցին կղզին: Մյուս ճապոնացի ծառայողները հրաժարվում էին ենթարկվել Օնոդայի տված որոշ հրամանների: Սա օգնեց, որպեսզի Դաշնակից ուժերն ավելի հեշտությամբ գրավեին կղզին: Նրանց հաջողվեց անել դա 1945 թ. փետրվարի 28-ին: Կղզու գրավումից կարճ ժամանակ անց մնացած ճապոնացի զինվորները երեքից չորս հոգանոց խմբեր կազմեցին և ուղևորվեցին ջունգլիներ:  

Այս փոքրիկ խմբերի մեծ մասը անմիջապես սպանվեց: Օնոդայի խմբի անդամներն էին Յուիչի Աքացուն, Սիոչի Շիմադան և Քինշիչի Քոզուկան: Նրանց հաջողվեց փրկվել: Նրանք շարունակում էին զենքեր գործածել և հետ մղել հակառակորդի հարձակումները: Նրանք խիստ խնայողաբար էին օգտագործում իրենց մոտ մնացած պարենամթերքը, երբեմն ջունգլիներից բանան և այլ սննդամթերք օգտագործում: Նրանք նաև ժամանակ առ ժամանակ թալանում էին տեղի ագարակները` սննդի բավարար պաշար ապահովելու համար:

1945 թ. հոկտեմբերին, երբ նրանք մորթեցին մի ագարակատիրոջ հորթին, տեղի կղզիաբնակները նրանց մի թռուցիկ ուղարկեցին: Թռուցիկը հետևյալ բովանդակությունն ուներ. «Պատերազմն ավարտվել է օգոստոսի 15-ին: Ցած իջեք լեռներից»:  Օնոդայի խմբի անդամները երկար քննարկեցին այս թռուցիկը, սակայն այդպես էլ չհավատացին, որ պատերազմն ավարտվել է: Նրանք կարծեցին, թե թռուցիկն ուղարկվել է ոսոխի կողմից, որպեսզի իրենք ցած իջնեն և մատնեն իրենց գտնվելու վայրը: Կարծում էին, որ Ճապոնիան չէր կարող այդքան արագ հանձնվել: Նրանք պատկերացում չունեին Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ատոմային ռումբերի մասին: Բացի այդ` մյուս խմբերի իրենց զինակիցներից մի քանիսին սպանել էին ընդամենը մի քանի օր առաջ: Նրանք մտածեցին, որ եթե պատերազմն իրոք ավարտված լիներ, իրենց զինակիցներին չէին սպանի:  

Տեղաբնակներն այնքան էին հոգնել Օնոդայի և նրա զինակիցների ալան-թալանից, որ ի վերջո Բոյինգ B-17 ինքնաթիռով թռուցիկներ տարածեցին ամբողջ կղզով մեկ: Հրամանատար Յամաշիտան հանձնվելու հրաման էր տվել: Թռուցիկների վրա գրված էր այդ հրամանը, սակայն նրանք կրկին թերահավատորեն վերաբերվեցին այս թռուցիկներին: Նրանք պարզապես չէին կարողանում հավատալ, որ Ճապոնիան կարող էր ընկրկել:

Երբ կղզիաբնակները համոզվեցին, որ թռուցիկները ոչ մի ներգործություն չունեն Օնոդայի խմբի վրա, սկսեցին պատերազմի ավարտի մասին վկայող ամսագրեր, լուսանկարներ ու նամակներ տարածել: Նրանք կղզու տարածքով մեկ մեգաֆոններով հայտարարում էին, որ պատերազմն ավարտվել է և խնդրում Օնոդային և նրա զինակիցներին հանգիստ թողնել իրենց: Սակայն վերջիններս կասկածամիտ էին և վստահ էին, որ այս ամենը պլանավորված էր թշնամու կողմից:  

Երբ Օնոդան և իր խմբի անդամները նկատեցին, որ մարդիկ շրջում էին ոչ թե զինվորական համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով, կարծեցին, որ դա ևս թշնամու ծուղակն է, որի միջոցով փորձ էր արվում իրենց մոլորության մեջ գցել: Նրանք այնքան կասկածամիտ էին դարձել, որ թվում էր, թե շուրջբոլորը թշնամիներ էին: Նրանք որպես թշնամի էին ընդունում անգամ իրենց հայրենակիցներին, ովքեր պարբերաբար գալիս էին կղզի, որպեսզի գտնեին Օնոդոյի խմբին և նրանց համոզեին տուն վերադառնալ: Նրանք կարծում էին, որ նրանք ճապոնացի ռազմագերիներ են, ում ստիպել են գալ իրենց մոտ և ասել, թե պատերազմն ավարտվել է:  

Ջունգլիներում հինգ տարի անցկացնելուց հետո Աքացունը որոշեց հանձնվել, սակայն մյուս երեք զինվորից գաղտնի պահեց իր այս մտադրությունը: 1949 թ.–ին նա փախավ ջունգլիներից և հանձնվեց: Այս միջադեպի պատճառով խմբի մյուս անդամները ավելի զգուշավոր դարձան: Սրանից մոտ հինգ տարի անց խմբի անդամներից մեկը` Շիմադան, սպանվեց: Այսպիսով, մնացին միայն Օնոդան և Քոզուկան: Հաջորդ 17 տարիներին նրանք երկուսով ապրում էին ջունգլիներում: Նրանք դեռևս հավատացած էին, որ պատերազմը շարունակվում է և որ ի վերջո իրենց կհաջողվի պաշարել կղզին: Նրանց կարգադրել էին պայքարել և սպասել այնքան ժամանակ, մինչև որ իրենց հրամանատարները կգան իրենց հետևից:  

Hiroo Onoda1972 թ. հոկտեմբերին` 27 տարի ջունգլիներում անցկացնելուց հետո, Քոզուկան սպանվեց մի ֆիլիպինցու արձակած գնդակից:  Ճապոնացիները կարծում էին, թե նա վաղուց է մահացել: Նրանց մտքով չէր անցնում, որ նա կարող էր այդքան երկար գոյատևել ջունգլիներում: Սակայն երբ նրանք գտան Քոզուկայի դիակը, նրանք սկսեցին մտածել, որ գուցե Օնոդան ևս ողջ է, թեպետ Օնոդային ևս վաղուց մեռած էին հռչակել:  

Ճապոնացիները հետագայում Օնոդային գտնելու համար որոնողական խումբ ուղարկեցին ջունգլիներ: Ցավոք, նա շատ վարպետորեն էր թաքնվում, և որոնողական խմբին այդպես էլ չհաջողվեց գտնել նրան: Օնոդան դեռ շարունակում էր իր առաքելությունը:

1974 թ.-ին ուսանող Նաիրո Սուզուկին որոշեց աշխարհով մեկ ճանապարհորդել: Նա իր առջև դրել էր մի քանի նպատակ` գտնել Օնոդային, պանդայի և Ձնեմարդուն: Սուզուկիին հաջողվեց գտնել Օնոդային: Սակայն նրան միանգամից չհաջողվեց համոզել նրան վերադառնալ տուն: 29 տարվա ընթացքում Օնոդան սպանել էր 30 ֆիլիպինցու և վիրավորել ավելի քան հարյուրի:

Սուզուկին վերադարձավ Ճապոնիա և հայտնեց, որ իրեն հաջողվել է գտնել Օնոդային: Օնոդայի հրամանատարը վաղուց թոշակի էր անցել: Նա այժմ աշխատում էր գրախանությում: Նա ուղևորվեց ջունգլիներ, որպեսզի անձամբ հայտնի Օնոդային, որ պատերազմն ավարտվել է, և Ճապոնիան պարտություն է կրել:

29 տարի շարունակ ջունգլիներում ապրելուց հետո այսպիսի լուրը իսկական հարված էր Օնոդայի համար: Նա գիտակցեց, որ այդքան ժամանակ ոչ թե հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարել, այլ սպանել և կեղեքել է անմեղ բնակիչների: Նրա համար դժվար էր ընկալել, որ ինքն ուղղակի վատնել է իր կյանքի 29 տարիները ջունգլիներում:  Օնոդան ասել է. «Հավատս չէր գալիս, որ մենք իրոք պարտվել ենք պատերազմում: Ողջ ներաշխարհս տակնուվրա եղավ: Ես գիտակցեցի, որ սա իմ զինվորական գործունեության վերջն էր: Ես վերցրի զենքս և հանեցի միջի փամփուշտները: Ես տարիներ շարունակ այնպես էի փայփայել իմ ատրճանակը, իսկ հիմա այն ինձ հազիվ թե նորից պետք գար: Ես սկսեցի մտածել, որ ավելի լավ կլիներ, որ ես էլ իմ զինակիցերի հետ մահացած լինեի»:

1975 թ. մարտի 10-ին 52-ամյա Օնոդան զարմանալիորեն լավ պահպանված համազգեստով լքեց ջունգլիները և իր սամուրայական թուրը հանձնեց Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանտ Մարկոսին: Մարկոսը ներում շնորհեց Օնոդային իր գործած հանցագործությունների համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա չի իմացել պատերազմի ավարտի մասին:  

Մենք կարող ենք Օնոդային համարել հիմար կամ անգամ անմեղ մարդկանց մարդասպան, սակայն պետք է նաև ընդունենք, որ նա ցուցաբերել է ծայրաստիճան նվիրվածություն, տոկունություն և սեր դեպի հայրենիքը: Երբ Օնոդան վերադարձել է Ճապոնիա, նրան ընդունել են իբրև հերոսի: Նրան շնորհել են իր 30 տարվա աշխատավարձը: Կյանքը շատ էր փոխվել Ճապոնիայում. ավանդական արժեքներն այլևս առաջվա պես սրբորեն չէին պահպանվում, և Օնոդան որոշեց տեղափոխվել Բրազիլիա: Նա ի վերջո ամուսնացավ այնտեղ: Օնոդան գրեց ինքնակենսագրական գիրք «Ոչ մի ընկրկում. իմ 30 տարվա պատերազմը» վերնագրով: 1984 թ.-ին նա վերադարձավ Ճապոնիա, որտեղ դպրոց հիմնադրեց: Դպրոցում նա մատաղ սերնդի մեջ հայրենասիրական արժեքներ էր սերմանում: 1996 թ.-ին Օնոդան վերադարձավ Ֆիլիպինյան կղզիներ: Այնտեղի դպրոցներին նա նվիրաբերեց 10,000  դոլար: