Ադրբեջանը մշտապես մերժում է Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու ԼՂՀ կոչը. Դավիթ Բաբայան


16:16 , 16 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համագործակցել ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ, սակայն Բաքուն մշտապես մերժել է դրանք, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«Նախորդ տարիներին ևս նման հայտարարություններ եղել են, եղել են նաև բանակցային գործընթացների շրջանակներում, որպես փոխվստահության այսպես ասած մեթոդներ, մեխանիզմներ: Բայց դրանք ադրբեջանական կողմը միշտ էլ մերժել է»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես էր եկել Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու շուրջ համագործակցության կոչով՝ ուղղված Ադրբեջանին:

Դավիթ Բաբայանի կարծիքով, որևէ հատուկ բան իրենք չեն անում, պարզապես համոզված են, որ 2 հարևան պետություններ պետք է իրար հետ կարողանան խաղաղ գոյակցել և այդ գոյակցության պայմաններից մեկն էլ փոխգործակցությունն է:

Արցախյան կողմը ջրային պաշարները դիտարկում է, որպես անվտանգության կարևորագույն բաղադրամաս, ինչպես նաև սեփական տնտեսական զարգացման և այլ պետությունների հետ փոխգործակցության խոստումնալից ուղղություն:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանական կողմը ջրամբարները մշտապես օգտագործել է Արցախի նկատմամբ որպես հիդրոճնշման կարևորագույն օջախներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ