Հայազգի երկու ֆուտբոլիստ առաջադրվել է «MLS-ի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում


11:38 , 17 հունիս, 2021

Armsport.am-ը գրում է.

NBC4-ը հայտնում է, որ «Կոլամբուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը առաջադրվել է այս տարվա ESPY մրցանակաբաշխության՝ MLS լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում՝ մրցելով Ալեխանդրո Պոզուելոյի, Անդրե Բլեյքի և ևս մեկ հայազգի ֆուտբոլիստի՝ Դիեգո Ռոսսիի հետ:

Սելարայանը ամերիկյան ակումբին միացավ 2019 թվականի դեկտեմբերին՝ իր դեբյուտային խաղում խփելով հաղթական գոլ: 2020-ի MLS-ի լիգայի գավաթի եզրափակչում լիգայի տարվա նորեկը խփեց երկու գնդակ և կատարեց մեկ գոլային փոխանցում ՝ 3:0 հաշվով հաղթանակ պարգևելով թիմին։

Սելարայանը ճանաչվել է MLS գավաթի վերջին խաղարկության ամենաարժեքավոր խաղացող:

23-ամյա ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսսին ստացել է «նոր Լուիս Սուարես» մականունը և նվաճել է «Ոսկե խաղակոշիկը» 2020 MLS Is Back մրցաշարում՝ խփելով 7 գոլ: Ռոսսին նաև ճանաչվել է MLS- ի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Էկվադորի ու Չիլիի դեմ հանդիպումներին: Սակայն նրա դեբյուտն ազգային թիմի մարզաշապիկով այդպես էլ տեղի չունեցավ։ Ֆուտբոլիստը նաև չի հրավիրվել Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի ընթացիկ խաղարկությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» և «Էվերթոնը» կպայքարեն «Լոս Անջելես» ակումբի հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանի տրանսֆերն այս ամռանը ձեռք բերելու համար: Մանրամասներն՝ այստեղ։