Մուշի առաջին ու վերջին հայ պատգամավորի թոռը բաց նամակ է գրել՝ Մուշի հայկական տների քանդումը դադարեցնելու կոչով


14:22 , 16 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում բնակվող պատմաբան Գեղամ Գևոնյանը Մուշի պատմական Քալե թաղամասում հայկական տները քանդելու դեմ բաց նամակ է գրել։

 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր՝ Մուշից ընտրված առաջին ու վերջին հայի՝ Գեղամ Տեր-Կարապետյանի թոռ Գևոնյանը Թուրքիայի հանրությանը հարցրել է. «Մինչ այսօր ավերվածը բավարար չէ՞»։

«Ակօս»-ում հրապարակված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

 «Հայերը պատմության ընթացքից դուրս չեն մնացել. հենց այդ պատճառով էլ մեր օրերի Թուրքիան նաև հայերինն է, և ապագայում նրանք դրա բաղադրիչներից մեկն են լինելու։ Ես հավատով եմ գրում այս տողերս։ Միաժամանակ գրում եմ Ապրիլի 24-ի կոտորածից փրկված, սակայն 1918թ.-ին Պոլսում մահացած հայ առաջին, գուցե և միակ պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանի անունից։

 Ես եղել եմ մի ժամանակ պապիս բնակված Մուշում և տեսել եմ իմ քաղաքի վերքերը։

 Փնտրել եմ այնտեղ հայերի եկեղեցիները, դպրոցները։ Պտտվել եմ մեծ գերեզմանոցում,տեսել դատարկ փոսեր, կտոր-կտոր եղած կամ շրջված գերեզմանաքարեր։ Այդ տներն էլ եմ տեսել, այդ տները, որոնք այժմ քանդվում են։ Այսօր հարցնում եմ՝ մինչ այժմ քանդվածները բավարար չե՞ն։ Արդեն պատմությունն իր բազմազանության և ամբողջականության մեջ ընդունելու ժամանակը չէ՞, որպեսզի ապագա սերունդները ձեզ արդար համարեն։ Դրա համար ջանքեր գործադրելու ժամանակը չի՞ եկել։

 Իմացանք, որ Մուշի հին տները քանդում են։ Այդ տների տեղում նոր շենքեր և մզկիթ է կառուցվելու։ Միևնույն ժամանակ պատմությունը մեր աչքի առաջ լուռ անհետանալու է, դրա անհանգստացնող գոյությունը քանդում են, որ ապագայում վնաս չտա։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ