Հաղարծինում Փաշինյանի ոտքերի տակ իր բարեկամներն են ոչխար մորթել


11:04 , 15 հունիս, 2021

Hraparak.am-ը գրում է.

Նախօրեին Դիլիջանի Հաղարծին համայնքում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անողները եղել են Փաշինյանի ազգականները։ Մեր տեղեկություններով՝ մատաղի իդեան Փաշինյանի այն ազգականինն է եղել, որի նկատմամբ 2019-ին Փաշինյանի ցուցումով քրեական գործ հարուցվեց՝ որպես անաչառության ապացույց։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանի քեռորդին՝ Մամիկոն Հովհաննիսյանը, կեղծ դիպլոմով աշխատանքի էր ընդունվել «Դիլիջան» ՊՈԱԿ-ում, եւ նրա բարձրաստիճան ազգականը որոշեց, որ դա շատ լավ թեմա է փիառի համար, հրապարակային հայտարարություն արեց, գործ հարուցվեց, եւ դատարանի վճռով քեռորդին տուգանվեց 200 հազար դրամով։ Հենց նա էլ Հաղարծինում մորթել է ոչխարը։

Մեզ երեկ չհաջողվեց զրուցել Մամիկոն Հովհաննիսյանի հետ, խոսեցինք Հաղարծինի ներկայացուցիչ-գյուղապետ (Դիլիջանի խոշորացված համայնքներից մեկի մասն է կազմում Հաղարծինը) Գեւորգ Թամրազյանի հետ։

- Պարոն Թամրազյան, ո՞ւմ գաղափարն էր Հաղարծինում Փաշինյանի ոտքերի տակ մատաղ անելը։

- Մատա՞ղ, ո՞վ է ասում՝ մատաղ ենք արել։

- Ոչխար չմորթեցի՞ք։

- Ժողովուրդը՝ որպես հարգանքի նշան, ոչխար մորթեցին։ Դա իմ իդեան չէր, ես ըտենց իդեոլոգ չեմ։

- Իսկ ո՞վ է ոչխարի գծով իդեոլոգը՝ ձեր համայնքի։

- Չեմ խորացել, բնակիչներ ունենք, որ Փաշինյանին ճանաչում են, իր հետ բարեկամ են, գառը բերել-մորթել են, մեկը ոտքն է պահել, մեկը՝ գլուխը, մյուսը դանակն է սրել։

- Բա Դո՞ւք ինչ եք արել։

- Բա եթե էդքանը գիտեք, դա էլ պիտի իմանայիք՝ ես էլ դիմավորել-ճանապարհել եմ, իմ պարտականությունը դա է։

- Ասում են՝ իր քեռու որդին՝ Մամիկոն Հովհաննիսյանն է կազմակերպել այդ, ինչպես Դուք ասացիք, հարգանքի միջոցառումը։

- Ինքը ներկա էր, բայց ես չգիտեմ՝ ում մտածածն էր։ Մենակ Մամիկոնը չի իր բարեկամը, գյուղում շատ բարեկամներ ունի։

- Ի՞նչ կարգի բարեկամներ են, ինչքա՞ն շատ են։

- Գյուղում մորքուրներ, քեռիներ է ունեցել, մորքուրի, քեռու տղաներ ունի, մանկության ընկերներ ունի։

- Դուք է՞լ եք իր ընկերներից կամ բարեկամներից։

- Չէ, չէ։

- Աջակի՞ց եք։

- Ես անկուսակցական եմ, հարգելիս, արդեն 12 տարի, ես ի պաշտոնե պարտավոր էի ներկա գտնվել, երկրի ղեկավարն է այցելում, դիմավորել ու ճանապարհել եմ։

- Այսինքն՝ հանդիպմանը հիմնականում Փաշինյանի բարեկամներն ու ազգականնե՞րն էին ներկա։

- Այո, այո, դա անձնական հարց ա, դրանում ես չեմ խառնվել, չեմ էլ ուզում խառնվել։

- Ո՞նց է անձնական, գյուղի կենտրոնում մի ամբողջ գյուղի անունից մատաղ են անում՝ անձնակա՞ն է։

- Դե, բարեկամներն ուրիշ ժամանակ չեն կարողանում տեսնել, հանդիպել, երկու խոսք փոխանակեն, իրենց հարգանքի տուրքը ոչխար մորթելով են մատուցել։ Թե հիմա մեզ են վերագրում, ի՞նչ ասեմ, կարան վերագրեն։

- Դուք դրանից վատ չե՞ք զգում, որ պատերազմից հետո ձեր համայնքում մատաղ են անում մի մարդու ոտքերի տակ, ում պատճառով հազարավոր տղաներ են «մատաղ» եղել։

- Բերեք էդ հարցին չպատասխանեմ՝ լավ եմ զգում, թե վատ՝ ես չեմ կազմակերպել, չեմ էլ ուզում էդ հարցերի պատասխաններն ինձնից ակնկալեք։ 

- Կասե՞ք՝ ո՞ր բարեկամներն են կազմակերպել։

- Հարգելիս, ես ո՞ր մեկին ասեմ, մեկը չի, երկուսը չի, բայց ես չգիտեմ՝ կոնկրետ ով է կազմակերպել։ Մեր գյուղում չորս հազար բնակիչ կա, բայց շատերն իր բարեկամներն են։

- Ոչխարը եփեցիք-կերա՞ք․․․

- Չգիտեմ, ես չեմ մասնակցել, բայց դե՝ կերած կլինեն։ Նիկոլ Փաշինյանը՝ չէ, չի կերել, ընդամենը 10 րոպե է եղել մեր գյուղում։ 

- Իսկ Մամիկոնին ճանաչո՞ւմ եք։

- Բա ո՜նց չեմ ճանաչում, ինքն էլ էր ներկա։

- Այսինքն՝ նեղացած չէ, որ Փաշինյանի ցուցումով գործից զրկվեց, քրեական գործ հարուցեցին, տուգանեցին, ավելին՝ ոգեւորված է Փաշինյանի այցով։

- Ասեմ՝ իմանաք․ էն ժամանակ էլ ոգեւորված չեն եղել, հիմա էլ ոգեւորված չեն, ես դա կարող եմ վստահ ասել։

- Նկատի ունեք Փաշինյանի բարեկամների՞ն։

- Այո, եթե ոգեւորված լինեին, դա տեսանելի կլիներ ոչ միայն իմ, այլ ուրիշների համար։

- Էլ ո՞նց պիտի ոգեւորված լինեն, եթե Փաշինյանի ոտքերի տակ ոչխար են մորթում։

- Դա ի՞նչ կապ ունի, եթե մարդիկ ուզում են ոչխար մորթեն, դա օրենքով արգելված բա՞ն է։

- Հայկական ավանդույթներով՝ դա մատաղ է կոչվում։

- Կարա այդպես էլ նշանակի, բայց ավելի շատ, եսիմ, հարգանքի նշան է։ Իսկ եթե մատաղ լիներ, էդ մատաղից ինձ էլ կհյուրասիրեին։

- Կարող է մորթել են, հետո՝ ծախել։

- Չգիտեմ, չեմ կարծում։ Մեր գյուղում էլ պատերազմի ընթացքում հինգ զոհ ենք ունեցել, դրա համար եմ ասում, որ դա չէր կարող մատաղ լինել, ուղղակի իրանց բարեկամն էր, նաեւ՝ վարչապետը, մորթել են, էլի։