Ռուսաստանի օրվա առթիվ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին


18:55 , 12 հունիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանի Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո») «Հաղթանակի 75-ամյակը» մեդալը հանձնել է Հայրենական Մեծ պատերազմի 98-ամյա արցախցի վետերան Սուրեն Իշխանյանին, որը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է իր տունը Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում և այժմ ապրում է Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի տան մամուլի ծառայությունը:

Հայրենական Մեծ պատերազմի արցախցի վետերանները չճանաչված հանրապետության կարգավիճակի պատճառով զրկված են եղել հոբելյանական մեդալներ ու վճարումներ ստանալու հնարավորությունից: «Հարազատ մարդիկ են եկել»,-այս խոսքերով ողջունել է վետերանը Երևանի Ռուսական տան աշխատակիցներին և ՀՀ վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանին:

Սուրեն Իշխանյանի համար Հայրենական Մեծ պատերազմը սկսվել է 1942 թվականի սեպտեմբերի 17-ին: Տագանրոգում նա ծանր վիրավորվել է գլխի և աչքի շրջանում: Երկար բուժվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղ մնացել է մինչև 1945 թվականի նոյեմբերը: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով, ունի այդ տարիների լուսանկարներ, բայց ամեն ինչ մնացել է Հադրութի ընտանեկան տանը:

 2020 թվականի հոկտեմբերին, երբ բոլորն ստիպված են եղել լքել Հադրութը, Սուրեն պապը հրաժարվել է թողնել իր տունը, ասել, որ նա արդեն բավական ապրել է և ցանկանում է մահանալ իր տանը: Երեխաները, թոռները և ծոռները շատ են անհանգստացել պապի համար և մի գիշերվա ընթացքում համոզել են նրան և տեղափոխել Երևան: Այժմ վետերանն ապրում է իր որդի Ռուսլանի փոքրիկ բնակարանում: «Բայց գլխավորն այն է, որ մենք բոլորս միասին ենք», - նշել է Ռուսլանը:

Սուրեն պապը արցունքներն աչքերին հավելել է. «Ես դուրս եկա այս վերնաշապիկով և տաբատով, գրպանումս մենակ անձնագիրս էր... Ամեն ինչ այնտեղ մնաց ...»: Մնացել են ոչ միայն հայրական տունը և այգին, այլև ընտանիքի դարավոր պատմությունը՝ լուսանկարները, պապի, հոր, մոր, կնոջ գերեզմանները: Նախքան Երևան տեղափոխվելը Սուրեն պապը ապրել է Ջրակուզում միայնակ, այգին է խնամել, ֆուտբոլ է խաղացել հյուր եկած ծոռների հետ: Երևանում՝ բնակարանում, Սուրեն պապը շատ է տխրել: Վերջերս ընկել և կոտրել է կոնքոսկրը: Սուրեն պապին վիրահատել են, բայց կարը դժվարությամբ է լավանում, ուստի երեխաներն ու թոռները երեք օրը մեկ նրան հիվանդանոց են տանում՝ հավատալով, որ ոտքի կկանգնի, սակայն պապն ասում է. «Օդ, ինձ այստեղ օդը չի հերիքում»: Նա լավ է հիշում պատերազմը՝ բոլոր պատերազմները, որոնք տեսել է կյանքի ընթացքում: Չնայած տարիքին՝ լավ հիշողություն ունի: Երիտասարդ սերնդին ցանկանում է խաղաղ ապրել, ազնիվ աշխատել, հարգել միմյանց:

«Երևանի Ռուսական տունը շարունակվում է իր՝  ժամանակավորապես տեղահանված անձանց մարդասիրական աջակցության նախագիծը: Մոտ ապագայում մենք կայցելենք մեկ այլ արցախցի վետերանի», - շեշտել է Երևանի Ռուսական տան մարդասիրական ծրագրերի համակարգման առաջատար մասնագետ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը:

Վետերանի ընտանիքին սննդի փաթեթներ և դրամական աջակցություն է տրամադրվել նաև Հայաստանում գտնվող ռուս զինվորականների ընտանիքներից և այլ բարերարներից: