Տանիք բարձրանալիս վայր ընկած դերասանն ու առաջին անգամ սերիալում նկարահանվող Դիանա Տոնոյանը. մանրամասներ՝ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալից


11:29 , 9 հունիս, 2021

Այս օրերին ընթանում են «Կհանդիպենք անտառի տնակում» 24 մասանոց նոր հեռուստասերիալի նկարահանումները։ Մայրաքաղաքից հեռու, բնության գրկում տեղի ունեցող նկարահանումները ուրախացրել են ոչ միայն դերասաններին և նկարահանող անձնակազմին, այլ նաև տեղի բնակիչներին։

Հեռուստասերիալը կցուցադրվի «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալի սյուժեի, նկարահանումների ընթացքի, դերասանական կազմի և այլ հետաքրքիր մանրամասների մասին Blognews.am-ի հետ զրուցել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ։

Սցենարիստը պատմում է, որ այս սերիալի մտահղացումն իր մեջ ծնվել է դեռ 5 տարի առաջ ու բացատրում է, թե ինչու նախագիծն այսքան ուշ կյանքի կոչվեց. «Այս մտահղացումն ունեի դեռ 5 տարի առաջ, բայց այն հնարավոր չէր երկար ֆորմատի մեջ ներկայացնել, իսկ կարճ նախագծերը հատընտիր են ու հազվադեպ են արվում հեռուստաընկերություննեում: Այս մտահղացումն այդպես էլ մնաց համակարգչիս մեջ, բայց հետո, երբ ռեժիորից համագործակցության առաջարկ ստացա ու իմացա, որ հետաքրրքված են կարճամետրաժ նախագծերով, ներկայացրի նաև այս պատմությունն ու ստացվեց»:

Անի Մաղաքյանը պատմում է սցենարից՝ հայտնելով մի քանի մանրամասներ. «ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է՝ թեթև, ամառային պատմություն, այն մասին, թե ինչպես է երիտասարդ աղջիկն անկախ իր կամքից հայտնվում իրեն անսովոր միջավայրում՝ գյուղում: Ամեն մի սերիան այնքան հագեցած է առաջ գնում, որ նույնիսկ մտավախություն կար, որ ամբողջ իրադարձությունների շարքը չեմ կարողանա տեղավորել 24 մասի մեջ, բայց կարողացա, ու ստացվեցին դինամիկ սերիաներ»:

Նկարահանումները տեղի են ունեցել սցենարիստի հայրիկի գյուղում, որտեղ նա անցկացրել է իր ամառային արձակուրդները:

«Քարինջն ինձ շատ հարազատ է: Շատ հետաքրքիր ստացվեց, որովհետև  երբ ես սցենարը գրում էի, պատկերացնում էի հենց այդ գյուղը: Ֆիլմում գյուղի անունը Լեռնաբերդ է: Մենք նախընտերցինք իրական անվան փոխարեն այդպես կոչել գյուղը՝ ավելի ֆիլմային պահելով մթնոլորտը»,-պատմում է նա ու հավելում,- «Դերասանական կազմի ընտրությունը կատարել է պրոդյուսեր, ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանը: Շատ լավ դերասաններ են հավաքվել ու սպասում ենք, թե բոլորը միասին ինչեպս են կադրում երևալու: Դերասաները շատ ոգևորված են, ու անդադար պատմում են, որ իերնց շատ լավ են ընդունել գյուղում»,-պատմում է Անին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ BlogNews.am կայքի հետ զրույցում դերասան Կարեն Ճաղարյանը, ով հանդես է գալիս «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալում պատմել էր նկարահանումների ընթացքում տեղի ունեցած անհաջող դեպքի մասին. վերջինս վայր էր ընկել տանիք բարձրանալիս ու բավականին վախեցրել էր նկարահանող անձնակազմին: Բարեբախտաբար, Կարենը լուրջ վնասվածքներ չէր ստացել:

Ավելի ուշ՝ մեզ հետ զրույցում, սերիալի դերասաններից Բեն Ավետիսյանի կինը՝ Դիանա Տոնոյանը, նշեց, որ չնայած ամուսինը խանդում է ու չի ցանկանում իրեն տեսնել հեռուստասերիալներում, ինքը հանդես կգա «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալի փոքրիկ էպիզոդում: 

Նշենք, որ «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստասերիալում հանդես կգան Իննա Խոջամիրյանը, Բեն Ավետիսյանը, Իրինա Այվազյանը, Գոշ Հակոբյանը, Լիա Զախարյանը, Կարեն Ճաղարյանը, բլոգեր Գոգա Գալստյանը, ով հայտնի է «Բիձա» կեղծանունով և շատ ուրիշներ։ Նախագծի ռեժիսորը Սերգեյ Հայրապետյանն է։

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի