Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից


17:18 , 8 հունիս, 2021

Արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը վավերացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կատարող Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,–ասված է որոշումների մեջ:

Այս պահին ԱԳՆ–ում աշխատող մեկ փոխնախարար կա` Արմեն Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները, սակայն նախարարությունից այդ լուրը հերքեցին։

Չնայած դրան՝ կառավարության հերթական նիստում ԱԳՆ-ից ոչ ոք չէր ներկայացել։