Որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները և ո՞րն է տարվա անակնկալը


20:47 , 3 հունիս, 2021

168.am-ը գրում է․

Հայաստանում հունիսի 8-ին կմեկնարկեն միասնական քննությունները:

Առաջին փուլում միասնական քննություն կհանձնի՝ 11487, ներբուհական քննություն՝ 1899 դիմորդ: Ընդունելության քննությունների համար այս տարի կգործի 36 քննական կենտրոն, որոնցից 13-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում, 5-ը՝ Արցախում։

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները:

«Առաջին տեղում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) «Բուժական գործ» մասնագիտությունն է, այս մասնագիտությամբ դիմել է 591 հոգի: Երկրորդ տեղում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինն է՝ 337 դիմորդով, ԵՊՀ-ում երրորդ տեղում իրավագիտությունն է, կա 304 դիմում, չորրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինն է, և այս մասնագիտությամբ դիմել է 245 հոգի: 245 հոգի էլ դիմել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությամբ»,- ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

«Սերվիս» մասնագիտությունը, ըստ էության, այս տարվա անակնկալն է. ստացվել է այնպես, որ առաջ է անցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, օրինակ, «Կառավարում» մասնագիտությունից, որը 6-րդ տեղում է: ԵՊԲՀ-ի «Ստոմատոլոգիան» էլ 7-րդ տեղում է:

ԳԹԿ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ «Սերվիս» մասնագիտությունն առաջ է անցել նաև Ճարտարապետաշինարարական համալսարանի «Դիզայն» մասնագիտությունից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Միջազգային հարաբերություններ», «Շուկայական հարաբերություններ» մասնագիտություններից:

«Ամենաքիչը դիմել են Գեղարվեստի պետական ակադեմիայի «Արվեստաբանություն» մասնագիտությամբ՝ 2 հոգի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մասնագիտական մանկավարժություն և որևէ սպորտաձև՝ թենիս, թեյքվանդո, մարզական պարեր, սուսերամարտ, հեծանվային սպորտ, մասնագիտություններն են՝ 2-ական դիմումով:

Մասնավոր բուհերից Հյուսիսային համալսարանի իրավագիտություն բաժնում դիմել է 2 հոգի,մասնագիտական մանկավարժություն՝ ռուսաց լեզու և գրականություն բաժնում կրկին 2 դիմում է, տնտեսագիտություն բաժնում՝ 2 դիմում: 1 հոգի՝ անգլերեն լեզու և գրականություն:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Իրանագիտություն» բաժնում ևս 2 դիմում կա: 1 հոգի էլ դիմել է «Լրագրություն» բաժին»,- նշեց Խաչանուշ Գրիգորյանը:

Հավելենք, որ առաջին քննությունները կլինեն երեք առարկաներից՝ համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, կենսաբանություն, որոնց կհաջորդեն օտար լեզու, մաթեմատիկա, հայերեն առարկաները: Վերջին քննությունը կլինի հունիսի 25-ին, ապա կսկսվի 2-րդ փուլի հայտագրումը: