Երեխային հեծանիվ նվիրելը ու PR անելու փոխարեն՝ վարչապետը թող ժողովրդին չքավորության շեմին չհասցներ


19:49 , 15 օգոստոս, 2013

Այսօր առավոտվանից գրեթե բոլոր լրատվականները հայտնում են, թե ի՜նչ լավ վարչապետ ունենք մենք, որովհետև Տիգրան Սարգսյանը ոչ ավել, ոչ պակաս «սկոռուստով» հեծանիվ է նվիրել անապահով մի ընտանիքի երեխայի և այդ կերպ իրականացրել է նրա երազանքը: 
Ինձ բարկացնում է այն, որ չեն էլ ամաչում նման լուրը հրապարակելուց, դեռ մի բան էլ ակտիվորեն շրջանառության մեջ են դնում դա: Տեսեք, տեսեք, թե ինչ հումանիստ ու բարերար կերպար է Տիգրան Սարգսյանը:
Մինչդեռ մեռելոցների մեծ սիրահար ու իր հավատացյալ լինելու փաստը անընդհատ մատնացույց անող վարչապետը երևի չի էլ հասկանում այն պարզ իրողությունը, որ օրինակ ես՝ աթեիստս, դեռ մանուկ հասակից գիտեի. քրիստոնյային հարիր չէ ի ցույց դնել արած լավ գործը, լավություն արա ու ջուրը գցի: Սակայն սա հարցի միայն մի փոքր կողմն է, որովհետև եթե ավելի խորը մտածենք, այս դրվագն ուղղակի ավելորդ անգամ մատնացույց է անում, թե ինչ ցինիկ, սառնասիրտ ու ճղճիմ են մեր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Բացատրեմ. վարչապետը, արդեն 5 տարի պաշտոնավարելով որպես վարչապետ, դրանից ավելի վաղ լինելով ԿԲ նախագահ, իսկ դրանից ավելի վաղ էլ այլ պաշտոններ զբաղեցնելով, եթե չասեմ ամենամեծ, ապա առանցքային դերակատարություն է ունեցել նրանում, որ այսօր ՀՀ բնակչության 40 տոկոսը աղքատության շեմին է, տասնյակ հազարներ արտագաղթում են, իսկ հազարավոր երեխաների համար «սկոռուստով» հեծանիվը դարձել է բաղձալի երազանք: Իրոք, քանի-քանի նման երեխաների ծնողներ են հայտնվել այնպիսի վիճակում, որ մի հեծանիվ անգամ չեն կարողանում գնել իրենց զավակին, իսկ մեր վարչապետը, փոխանակ իր պարտականությունները պատշաճ կատարի, օֆշորային հաշիվներ քիչ բացի, այնպես անի, որ ինքը չգռփի ու թույլ չտա, որ ուրիշներն էլ գռփեն (ի սեր աստծո, ի վերջո երկրորդ դեմքն է երկրի), գնում է և ՀԵՆՑ իր պատճառով չքավորության մեջ հայտնված տասնյակ հազարավոր երեխաներից մեկին հեծանիվ է առնում ու ամբողջ մեդիա դաշտով աղմուկ բարձրացնում՝ փորձելով դրական դիվիդենտներ քաղել:

Չկա այստեղ մարդասիրության նշույլ անգամ: Սա սառը ու անխիղճ, հակամարդկային ու հակաէթիկական քայլ է և ուրիշ ոչինչ: Ինձ սա հիշեցրեց հայտնի դեպքը, երբ ձյուն էր եկել, ու ճանապարհները փակվել էին, իսկ կապի ու տրանսպորտի նախարար Բեգլարյանը, փոխանակ օր առաջ զբաղվեր ճանապարհները մաքրելու ու պրոֆելակտիկ միջոցառումներով, մի դիվիզիա լրագրող շլկել էր ու գնացել, տեսախցիկների առջև մեքենա էր բրթում:
Միմոսություն է, պարոնա՛յք, միմոսություն: Բավ է էլի, ցեխի միջից ելաք, հասաք գահին, ինչ արեցիք-արեցիք, բայց գոնե հիմա եթե օգուտ չեք էլ կարողանում տալ, ապա գոնե մի էլ վնասեք...