Աշխատանքից ազատված բժիշկը հանրապետության հյուսիսային շրջանի ամենահզոր կլինիկան է կառուցում


19:33 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Երկու տարի առաջ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի կազմից առանձնացվեց հակատուբերկուլյոզային բաժանմունքը և 15 մահճակալով միացվեց Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին, որից հետո թիվ 2 հիվանդանոցը միավորվեց թիվ 1 հիվանդանոցային համալիրի հետ, և ստեղծվեց նոր բուժհաստատություն` «Վանաձորի բժշկական կենտրոն»: Լոռու մարզպետի որոշմամբ` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Մհեր Մարգարյանը նշանակվեց նորաստեղծ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և մինչ օրս աշխատում է այդ պաշտոնում:

«Առաջին լրատվական»-ի գրավոր հարցմանը` ինչո՞ւ 2 տարի մրցույթ չի հայտարարվում տնօրենի հաստիքի համար, Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը պատճառաբանել է, թե օրենսդրությամբ և իրավական ակտերով տնօրենի մրցույթ հայտարարելու համար ժամկետ սահմանված չէ, իսկ Մարգարյանին նպատակահարմար է թողնել բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում` հաշվի առնելով, որ Լոռու մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման գործընթացը վերջնական չէ:

Մրցույթ չհայտարարելու վերաբերյալ թիվ 2 հիվանդանոցի արդեն նախկին տնօրեն Կարեն Ադամյանը, սակայն, այլ կարծիք ունի: «Մրցույթ չի հայտարարվել այդ տեղի համար, քանի որ դա իրենց պետք չէ: Իրենց ձեռք է տալիս Մհեր Մարգարյանի տեսակը, իմ տեսակը ձեռք չի տալիս: Ու ես դրանից հպարտ եմ, որ իրենց իմ տեսակը ձեռք չի տալիս. բժիշկը չպիտի լինի ստրուկ, բժիշկը պիտի լինի կատարող, բայց ոչ թե ինչ-որ անձի հրամաններ, այլ օրենք»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Վանաձորի երկու հիվանդանոցները միավորվեցին օպտիմալացման ծրագրի շրջանակներում, բայց փաստացի բժշկական կենտրոնի ստեղծումից տուժեց միայն թիվ 2 հիվանդանոցի տնօրեն Կարեն Ադամյանը` հայտնվելով պետական համակարգից դուրս: Նրանից բացի, ուրիշ կրճատվող չեղավ: «Այսինքն` ինձնից ազատվելու համար մի ամբողջ վարչապետի որոշում էր պետք, ամբողջ պրոցեդուրան կատարվեց միայն ինձ համար,- ծիծաղելով ասում է Կարեն Ադամյանը,- Բայց դա անսպասելի չէր: Ես օտար էի իրենց համար և իրենց «թաղեցի» չէի: Ընդ որում, իրենց թվում էր, թե ես պիտի դատարաններ դիմեմ, ծանր տանեմ, կամ խնդիր առաջանա դրանից. քավ լիցի, ոչ մի նման բան»:

Իսկ մրցույթ հայտարարվելու դեպքում Կարեն Ադամյանն անպայման հայտ կներկայացներ. նախ աշխատանքային անթերի կենսագրություն ունի, ապա բազմաթիվ վերապատրաստումներ է անցել առողջապահության կազմակերպման գործում: Հայաստանում եզակի գլխավոր բժիշկներից է, որ վերապատրաստվել է ԱՄՆ-ում բժշկական գործի կազմակերպման «Սաբիթ» ծրագրով և ստացել վկայական, որը հնարավորություն է տալիս աշխատելու աշխարհի ցանկացած կլինիկայում: 

Կարեն Ադամյանի համոզմամբ` օպտիմալացման ծրագրի հիմքում այլ ենթատեքստ կար. նպատակ ունեին վերացնել մրցակցությունը մարզի առողջապահական համակարգում: Բացի դրանից՝ նկրտումներ կային թիվ 2 հիվանդանոցի շենքի նկատմամբ: Կային նաև անձնական դրդապատճառներ. բժշկի կողմից «իրենց թաղեցի չէի» արտահայտությունը պատահական չի ասված: Նա հայտնի է իր ազատախոհությամբ, համարձակ գաղափարներով, ընդդիմադիր հայացքներով, որոնք, սակայն, ընդգծված չէին արտահայտվում քաղաքականության մեջ: Մինչդեռ իշխանությունները հավանաբար կարծում էին, թե քաղաքական առումով Կարեն Ադամյանը կարող է վտանգ ներկայացնել իրենց համար: 

Ճնշումները նրա նկատմամբ վաղուց էին սկսվել: 2008-ին, երբ իշխանությունները նոր էին հետաքրքրվում «ատկատներով», սկսեցին նախ Կարեն Ադամյանով «զբաղվել»` որպես «ոչ իրենց թաղեցու»: Բժիշկը բացատրում է «ատկատ» հասկացությունը, որն առողջապահության ոլորտի ամենամեծ խնդիրն է, որի մասին բոլորն են խոսում, բայց ոչ ոք ոչինչ չի անում դրա դեմ: «Մոտավորապես այսպիսի բան է. հիվանդանոցը գնում է դեղ` ենթադրենք, 1 մլն դրամի, բայց պարզվում է` կարող էր գնել 600 հազար դրամով: Մնացած տարբերությունը, հարկերը հանած, վերադարձնում են գլխավոր բժշկին»: 

Թիվ 2 հիվանդանոցում հաճախակի ստուգումներ էին կատարվում: Քրեական գործ հարուցվեց (ենթատեքստում մարտի 1-ի դեպքերն էին): Պարզվեց, սակայն, որ դողորայքի համար վճարած 21 մլնի մեջ 7.5 մլնի տնտեսում էր արել, նույնը՝ նաև շինարարության մեջ. քրեական գործը կարճվեց:

«Հետո պարոն վարչապետը բոլոր հիվանդանոցների գնման գները սկսել էր համեմատել մեր հիվանդանոցի հետ, այնքան ցածր էին, այսօրվա պես հիշում եմ, մենք դեղը գնել էինք 140 դրամով, նույն դեղը մյուսը՝ 1400 դրամով, բացարձակ նույն դեղը,- պատմում է բժիշկը:- Այնքան էին ստուգում, որ աշխատանքի ռիթմից էլ էին գցում: Համառորեն չէին ֆինանսավորում մեր հիվանդանոցի վերանորոգման համար, իսկ մյուս հիվանդանոցին անընդհատ փող էին հատկացնում այդ նպատակով: Բայց արդյունքում առանց պետության միջամտության էլ վերանորոգում էինք, նոր բաժանմունքներ բացում»:

5 տարվա ընթացքում Կարեն Ադամյանը 3 բաժանմունք բացեց հիվանդանոցում` հեմոդիալիզի, վիրաբուժական` վիրահատարանով, և վերականգնողական: Հասկանալու համար, թե ինչ միջոցներ են պետք նման բաժանմունքի ստեղծման համար, բավական է նշել, որ Կապանի հիվանդանոցում 4 տեղանոց բաժանմունքի համար պետությունը 150 հազար եվրո ծախսեց: Իսկ 10 տեղանոց հեմոդիալիզի բաժանմուքը Կ. Ադամյանը Վանաձորում բացեց առանց պետության կողմից որևէ աջակցության:

Բուժհաստատությունների միավորումից հետո թիվ 2 հիվանդանոցի վիրաբուժական ամբողջ ծառայությունը տեղափոխվեց 1-ին հիվանդանոց: «Մինչդեռ մի հիվանդանոց, քանի դեռ միավորված չէ, անպայման պիտի ունենա վիրաբուժական բաժանմունք: Պատկերացնում եք` ինչպես մարդը ամբողջականությամբ` առանց որևէ մի կարևոր օրգանի, հիվանդանոցն էլ, որպես ամբողջություն, պիտի ունենա և՛ թերապիա, և՛ վիրաբուժություն: Կոնսուլտացիաների համար այնտեղից վազում են այնտեղ, այնտեղից՝ այնտեղ: Չհասկացան, որ այդպես չպետք է լինի»,- ասում է Կարեն Ադամյանը: 

«Դրսում» հայտնված բժիշկն աշխատանքի տարբեր հրավերներ ստացավ արտասահմանից. ամենագայթակղիչը Մոսկվայից ստացածն էր: Սկզբում մտածում էր մասնավոր կլինիկա բացել Մոսկվայում, բայց վերջնականապես որոշեց Հայաստանում մնալ: «Քանի որ առողջապահական կարիքները ես շատ լավ գիտեմ, տիրապետում եմ այդ համակարգին, փորձելու եմ իմ գիտելիքները, իմ նախկին կապերը օգտագործել այս անգամ իմ անձնական գործի համար: Ժամանակին չարեցի, չնայած բացարձակապես չեմ զղջում. ինչ արել եմ՝ ճիշտ է եղել, բայց ճիշտ կլիներ՝ մեր պոտենցիալի հնարավորությունները ի սկզբանե մասնավոր գործում դնել»:

Բժիշկ Ադամյանը ներկայումս իր մասնավոր կլինիկան է կառուցում Վանաձորում՝«Լոռի-մեդ», որտեղ իրականացվելու է ախտորոշում և բուժում: Ստացիոնար հիվանդանոց չի լինելու, բուժում ստացած հիվանդները տուն են ուղարկվելու:

Այս մեխանիզմն ամբողջ աշխարհում է գործում, վստահեցնում է եվրոպական փորձն ու շուկան ուսումնասիրած բժիշկը, որը համոզված է, որ նույնիսկ արտագաղթի պայմաններում կլինիկան կաշխատի: Նրան օգնողներ կան, մասնագիտական աջակցություն ունի, բայց ֆինանսական ամբողջ ծանրությունն իր վրա է. հովանավորներ չկան, բիզնես-նախագիծ է:

Բուժանձնակազմը լինելու է մայրաքաղաքից և արտերկրից` 20-30 մարդ: Կլինիկան հագեցած է լինելու Եվրոպական վերջին արտադրության սարքավորումներով, որոնք առաջիկա 5 տարում, բժշկի խոսքով, գուցե լինեն Երևանում, բայց չեն բերվի հանրապետության հյուսիսային շրջան: Բժիշկ Ադամյանը լուրջ մրցակցության է պատրաստվում: «Այնքան մարդ կա, որ ուզում է աշխատել մեզ հետ: Մտածում էի, որ մասնավորին քիչ կվստահեն, բայց՝ ոչ: Ինչ մենք ստեղծում ենք, շատ լավ է այն իմաստով, որ մրցակցություն կլինի, և տեսնենք՝ ինչ կլինի դրա վերջը: Առանց մրցակցության լճացում է, ինչ ուզում՝ անում են. մի հիվանդանոց՝ մի ստրուկտուրա»,- ասում է Կարեն Ադամյանը: 

Նույն ծառայությունների համար, որոնք գործում են նաև պետական բուժհիմնարկներում, գնային տարբերություն չի լինի, բայց որակի նկատելի տարբերություն կլինի՝ հօգուտ մասնավոր կլինիկայի: «Սա բիզնես է, դրված են գումարներ, այն էլ՝ տոկոսադրույքներով, բայց դա չի նշանակում, որ ես տեսակս փոխում եմ. եթե պետականի ժամանակ մարդը հիվանդ էր, երբեք կատեգորիկ չէինք ասում՝ փող չունես, չես բուժվելու: Բուժում էինք մեր միջոցների հաշվին: Այսինքն` հիվանդանոցի հնարավորությունները չչարաշահելով` հիվանդին դուրս չէինք թողնում: Այստեղ մի քիչ այլ է, դրված է փող, որը չվճարելու դեպքում տույժ ու տուգանքներ են ավելանալու: Այնուամենայնիվ, որոշակի սոցիալական խավերին ընդառաջ ենք գնալու՝ օգնելու նպատակով»,-վստահեցնում է բժիշկը:

Հետաքրքիր է ամեն դեպքում՝ ՀՀՇ գաղափարախոսությունն արդեն անցյա՞լ է Կարեն Ադամյանի համար, քաղաքական ի՞նչ դիրքորոշում ունի այս պահին: 

«Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը, որի մեջ նժդեհյան գաղափարախոսությունն է, և ընդհանրապես նրանց կանոնադրությունը, ես շատ ավելի լավ գիտեմ, քան իրենցից շատերը: Ինձ համար բոլոր գաղափարախոսությունները մի բանի համար են` ծառայելու պետությանը: ՀՀՇ-ն ճիշտ է եղել: Ես տեսակս չեմ փոխել. ինձ համար միևնույն է` ով, ինչ, ինձ համար երկիր ունենալն է կարևոր, պետություն ունենալն է կարևոր: 

Դրախտային իմ հայրենիքից լավ ոչ մի բան չկա, ափսոս, որ չի կառավարվում այնպես, ինչպես պետք է: Ես այս պետության համար այնքան բան եմ արել, այս պետության համար ես գնացել եմ պատերազմ, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ որևէ անգամ չեն գնահատել: Փոխարենը՝ Բակո Սահակյանը Մարտակերտի գրավման 18-ամյակի կապակցությամբ անձամբ հրավիրեց և երախտագիտությամբ պետական մեդալ տվեց»,- պատմում է բժիշկը: 

Կարեն Ադամյանը նաև այլ գաղափարներ է հայտնում. «Այս երկրում անհատականությունները շատ քիչ են, այս երկրում միջակությունն է շատ: Այս երկրի կործանարար հիմքերից մեկն էլ այն է, որ միջակությունը գլուխ է բարձրացրել ամեն տեղ, իշխանական բոլոր օղակներում: Մեր ժողովրդին շատ եմ սիրում, բայց մեր ժողովրդի այս հանդուրժողականությունը ավելի շատ ստրկատիրական տպավորություն է թողնում: Միշտ անհատն է որոշիչ դեր խաղում հասարակության մեջ` որպես շարժիչ ուժ: Անհատներ, որոնք կարող են տանել, կրել ինչ-որ մի բան. մեկը՝ լրագրության, մեկը՝ առողջապահության, մեկը՝ քաղաքականության մեջ, մեկը՝ արվեստում: Ես բանվորի հետ բանվորություն եմ անում իմ կառույցում: 6-րդ ամիսն է` շինարարությունով եմ զբաղված: Ինձ շրջապատում են շատ լավ մարդիկ (վարպետներ, բանվորներ), ու շինարարին էլ եմ սկսել հասկանալ՝ օրվա հացի կարոտ մարդուց օրվա հաց վաստակող դարձած մարդուն: Չեք պատկերացնի` ինչ մեծ էներգետիկա, ուրախություն է դա նրա համար: Այնքան բարի են. շինարարը միշտ բարի է: Մեզ այսօր բարությունն է պակասում, որովհետև շատերին թվում է` բարի լինել՝ նշանակում է թույլ լինել: Հոգևոր դասն է աղճատված: Փայլուն քահանաներ ունենք, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում հոգևորականի իրենց բեռը տանել: Աղոթքն է բացակայում, սերն է բացակայում այս ժողովրդից: Կուզենամ մաքուր, իդեալական սիրով ու արվեստով ապրող ժողովուրդ ունենանք ու շատ անհատներ:

Ասում են` մենք այնքան ենք անհատ, որ ամեն մեկս մեր գլխի ճարը տեսնում ենք: Այդպես չէ, անհատները միավորվում են գիտակցության մեջ և գաղափարի շուրջ: Եվ անհատներն են կարողանում միավորել: Ինձ որ ազատեցին աշխատանքից, առաջին օրը ուզում էի տեռոր անեմ, հետո մի քանի ժամվա մեջ փիլիսոփայությունս փոխվեց, դարձա ինքս ինձ հետ: Ես գործով պիտի ապացուցեմ, որ իրենք շատ ավելի թույլ են միասին վերցրած, քան ես: Ու այնպես եմ ապացուցելու, որ դրանցից` կիսագրագետներից մի քանիսը, գլխներին վայ տան, թե ինչու ես իրենց թիմից չեմ: Իրենք են դառնալու իմ թիմից… 

Բայց դրանք էլ մի կողմ. կարևորը` որ այդ անհատը երբեք իր շապիկը չփոխի, իր տեսակը չփոխի, միշտ դեպի առաջ գնա, միշտ նպատակասլաց լինի ու դրախտային այս հայրենիքը սիրի: Պետություն չեն սիրում, պետականություն չեն սիրում, հայրենինքն են սիրում: 

Սխալները մեզանից եկան՝ կոպտագույն ձևով, ու խայտառակ ձևով շարունակվում են հիմա: Իմ ամբողջ ցավն ու ցասումը դա է: Ես անցա, ես ապրեցի իմ տարիները, իմ զավակները, իմ թոռները, իմ ծոռները պիտի կարգին պետության մեջ ապրեն: Ուզում եմ կարգին պետություն տեսնել»,- իր խոհերն է կիսում բժիշկ մտավորականը: