19:40 , 15 օգոստոս, 2013Մումիաները պարուրված են բազմաթիվ գաղտնիքներով, որոնք ձգում են գիտնականներին և վախեցնում շատ-շատերին: Միան համարձակները ճանապարհ էին ընկնում, որպեսզի գտնեին հին թաղվածքները:
Հիմա ամեն ինչ ավելի պարզ է, մումիաները գտնվում են թանգարաններում և հասանելի են բոլորին: Նրանց տեսնելու համար պետք չէ ջունգլիներ կամ այլ վտանգավոր վայրեր հասնել: Թե՞ դա այդքան էլ ապահով չէ, և մահացածները վրեժ են լուծում մարդկանից, որ խախտել են իրենց հանգիստը: Այսօր մենք կպատմենք աշխարհի ամենահայտնի մումիաների մասին և թե որտեղ են նրանք գտնվում:

Թութանհամոն, Եգիպտոս

Ամենահայտնի մումիան՝ Թութանհամոնը, գտնվում է Թագավորների Հովտում: Անկեղծ ասած Թութանհամոնը ոչ մի բանով չէր առանձնանում և բավականին կարճ է ապրել (մահացել է 19 տարեկանում): Վերջին տվյալներով` նա մահացել է մ.թ.ա. 1352թ.-ին իր մահով: Նրա հետ կապված ամենահայտնի իրադարձությունները սկսվում են 1922թ.-ին, երբ երկու անգլիացիներ՝ Հովարդ Քարթերը և լորդ Կարնարվոնը, հայտնաբերել են դամբարանը: Բացելով իրար մեջ դրված փայտե և քարե դագաղները` հնէաբանները տեսել են ոսկե սարկոֆագը: Քանի որ թթվածինը չի ներթափանցել դամբարանի մեջ, ամեն ինչ հիասքանչ ձևով պահպանվել է:
Փարավոնի դեմքը ծածկված էր ոսկե դիմակով: Հետագայում մեկը մյուսի ետևից տեղի ունեցող շղթայական դժբախտությունները ստիպում են մտածել անեծքի մասին: Մոտ մեկ տարի անց լորդ Կարնարվոնը մահանում է մոծակի խայթոցից, որից հետո մեկը մյուսի ետևից մահանում են օգնականները և Արչիբալդ Րիդը՝ գիտնական, որ ցանկանում էր մումիայի ռենտգենյան լուսանկարն անել:
Օտցի, Իտալիա

Եվս մեկ սարսափելի մումիա՝ «սառցե մարդը», որը հնէաբանների կողմից Օտցի է անվանվել և պահվում է Հարավային Տիրոլի Հնէաբանական թանգարանում իտալական Բոլցանո քաղաքում: Ավելի քան 5000 տարի առաջ ապրած տղամարդու` զարմանալիորեն պահպանված հագուստով մարմինը հայտնաբերվել էր սառույցներում իտալական և շվեյցարական Ալպերի սահմանում՝ Օտցիում, 1991թ.-ին գերմանացի զբոսաշրջիկների կողմից: Պնդում են, որ մահացածը իր հետ այն աշխարհ է տարել բազմաթիվ մարդկանց: Առաջինը եղել է նրան գտած զբոսաշրջիկը՝ Հելմուտ Սիմոնը: Ստանալով 100.000 դոլար պարգև իր գտածոյի համար` նա որոշեց ևս մեկ անգամ գնալ Ալպեր զվարճանալու համար, բայց ընկավ ձնաբքի տակ և մահացավ: Չհասցնելով նրան թաղել` սրտի կաթվածից մահացավ այն փրկարարը, ով գտել էր մահացած Հելմուտին:
Շուտով ավտովթարում մահանում է դատաբժշկական փորձագետը, որ կատարել էր Օտցիի մարմնի հետազոտությունը: Այդ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բժիշկը գնում էր հեռուստատեսություն` հետազոտությունների մասին հարցազրույց տալու համար: Մահը չի մոռանում նաև պրոֆեսիոնալ ալպինիստին, ով ուղեկցում էր փորձագետին դեպի հայտնագործության վայրը: Լեռներում հանկարծակի նրա գլխին մի մեծ քար է ընկնում: Եվս մի քանի տարի անց գլխուղեղի քաղցկեղից մահամում է լրագրողը, ով ներկա էր մումիայի տեղափոխությանը և դոկումենտալ ֆիլմ էր նկարահանել նրա մասին: Ներկայումս վերջին զոհը դարձել է ավստրալիացի հնէաբանը, ով հետազոտել էր մումիայի մարմինը: Որոշ գիտնականներ պնդում են, որ նրա հետ գտնված իրերը տարբեր դարաշրջանների են պատկանում:
Արքայադուստր Ուկոկա, Ալթայ

1993թ.-ին Ալթայում պեղումների ժամանակ մի թմբի մեջ հայտնաբերվել էր սառույցի տակ շատ լավ պահպանված կնոջ մարմին (ապրել է մ.թ.ա. V-III դարերում և մահացել է 25 տարեկանում): Հավանաբար նա աղքատ չի եղել: Նրա հետ գտնվել են 6 զրահապատ ձիեր: Գիտնականները ուրախացել էին այս յուրահատուկ հայտնագործությամբ, իսկ տեղացիները մտահոգված էին` ազնվատոհմիկ կնոջ հանգիստը խաթարելը դժբախտություն կբերի: Այդպես, տեղացիները պնդում են, որ վերջերս այնտեղ հաճախակի դարձած երկրաշարժերը և անպատճառ ինքնասպանությունները արքայադստեր վրեժն են:
Ներկայումս մումիան պահվում է Նովոսիբիրսկում ՌԳԱ-ի սիբիրյան մասնաճյուղի հնագիտության և ազգագրության ինստիտուտի թանգարանում:
Սին Չժույ, Չինաստան

Այս հիանալի պահպանված մումիան գտնվել է Չինաստանում 1971թ.-ին: Նրա մկանները շարժվում էին, էլաստիկ մաշկը պահպանել էր բնական երանգը: Չորս իրար վրա դրված սարկոֆագները կարող էին դանդաղեցնել մարմնի փտելու գործընթացը, բայց հարցը միայն դրանում չէ: Երբևէ գտնված մումիաներից այս մեկը յուրահատուկ է նրանով, որ մարմինը լողում էր անհայտ ծագման հեղուկի մեջ, որի բաղադրությունը մինչև հիմա դեռ պարզ չէ:
Մումիայի մոտ գտնվել են բազմաթիվ իրեր` ներառյալ նրա սիրելի ճաշատեսակները և դրանց բաղադրատոմսերը, յուրահատուկ բժշկական գրքեր: Պարզվել էր, որ 50-ամյա մահացած կինը բարձրաստիճան պաշտոնյայի կին է եղել: Հետազոտությունը անցկացնող չինացի գիտնականը շուտով մահացավ անհայտ հիվանդությունից: Հիմա մումիան գտնվում է չինական թանգարանում` Չանշա քաղաքում:
Դաշի Դորժո Իտիգելով, Բուրատիա

2002թ.-ին, համաձայն իր իսկ կտակի, բացվել էր հայտնի բուդդիստի մարմնով սարկոֆագը: Հետմահու մարմնի փոփոխություններ նրա վրա չեն նկատվել: Բուդդիստ ճգնավորը, ով ծնվել էր 1852թ.-ին, դեռ կյանքի ժամանակ բավականին հայտնի էր:
Նա մահացել է 1927թ.-ին` մեդետացիա անելով լոտոսի վիճակում: Մարմինը տեղադրվել էր եղենափայտից արկղի մեջ, որը, համաձայն մահացածի կամքի, բացվել էր 1955 և 1973թ.-ին, որպեսզի հավաստիանային, որ մարմինը չի քայքայվում: 2002թ.-ին առանց հատուկ պայմաններ ստեղծելու մահացածի մարմինը տեղադրում են մենաստանում, որպեսզի այն բոլորի համար հասանելի լինի: Մազերի ու եղունգների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց սպիտակուցային կառուցվածքը համապատասխանում է կենդանի մարդու վիճակին: Դաշի Դորժո Իտիգելովի մարմինը գտնվում է Բուրատիայի բուդդական մենաստանում: