17:43 , 15 օգոստոս, 2013Դիմակայության էսկալացիան Եգիպտոսում՝ «Եղբայր մուսուլմանների» և ուժային կառույցների միջև, իրեն երկար սպասել չտվեց, և երեկվանից Եգիպտոսում արյունահեղ փախումներ են տեղի ունենում: Ընդ որում, բախումներ ասվածը շատ մեղմ է, որովհետև հատկապես մայրաքաղաք Կահիրեում իսկական մարտական գործողություններ են գնում իսլամիստ զինյալների և բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների միջև:
Նախնական տեղեկություններով` արդեն իսկ մոտ 500 զոհ կա, իսկ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածներից մոտ 50-ը ոստիկան է կամ զինվորական, կարելի է փաստել, որ գործ ունենք նույն այն սցենարի հետ, որին ականատես եղանք սիրիական հակամարտության սկզբնական փուլում, երբ հիմնականում Հոմս ու Համա քաղաքներում տեղի ունեցող բախումների ժամանակ զոհվում էին թե՛ իրավապահներ, թե՛ քաղաքացիական անձինք:
Ուշագրավ է, որ նույն այն պետությունները, ովքեր Սիրիայի դեպքում ցուցարարներին ու ապստամբներին էին սատարում և նրանց ազատության առաջամարտիկներ կնքում, այսօր արդեն աստիճանաբար ու հրապարակային նեցուկ են կանգնում իսլամիստներին, և արդեն իսկ հնչում են բացահայտ կոչեր՝ ազատել իսլամիստների նախագահ Մուհամեդ Մուրսիին ու թույլ չտալ էսկալացիայի խորացում:
Հեղինակավոր փորձագետները տխուր եզրահանգումներ են անում, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է երկու հիմնական զարգացում.
ա. Եգիպտոսի իշխանությունները, իսկ ավելի ճիշտ բանակը, տեղի է տալիս, ինչը բերում է լայնածավալ քաղաքացիական պատերազմի, ինչպես Սիրիայում է:
բ. Բանակը կոտրում է իսլամիստների մեջքը, և Եգիպտոսում տևական ժամանակով իշխանության է գալիս զինվորական խունտան, և Եգիպտոսը վեր է ածվում այնպիսի բռնապետության, որի համեմատ Հոսնի Մուբարաքի իշխանության տարիները մանանա կթվան:
Այստեղ են ասել. «За что боролись, на то и напоролись»:


















