Դանուբով դեպի Սև ծով. Daily Mail-ը SS Beatrice նավով ճանապարհորդությունից տպավորիչ լուսանկարներ է հրապարակել (Photo)


12:09 , 30 մայիս, 2021

Բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձ է կատարել Դանուբ գետի երկայնքով ճանապարհորդությանը SS Beatrice նավով։ Հեղինակ Քարոլայն Հենդրին նշել է, որ Դանուբով դեպի Սև ծով ճանապարհորդելիս աննախադեպ զգացողություններ է ունեցել:

«Դանուբը տարածված վայր է գետային նավարկությունների համար․ դրա ափերին են գտնվում մայրաքաղաքներ Վիեննան և Բուդապեշտը, մոտ են գտնվում Չեսկի Կլումլովն ու Զալցբուրգը», - գրել է հեղինակը՝ SS Beatrice նավով նավարկելիս։

Բրիտանական պարբերականը հոդվածին կից ներկայացրել է նավի և ճանապարհորդության ընթացքում բացվող տեսարանների լուսանկարները։

SS Beatrice-ն ունի շքեղ հյուրասենյակ՝ հնագույն չինական ծաղկամաններով, փոքր սրճարան, որտեղ հետաքրքիր ճաշատեսակներ են մատուցվում։ 

Նավը, որտեղ էլ որ խարիսխ գցած լինի, այցելուներին առաջարկում է տարբեր այցելություններ, որոնք ներառված են ճանապարհորդության ընդհանուր վճարի մեջ։ Հեղինակը նշել է, որ SS Beatrice նավով ճանապարհորդելը, որի ընթացքում ամեն առավոտյան արթնանում ես տարբեր վայրում, հիանալի միջոց է Եվրոպայի հեռավոր տարածքներում շրջագայելու համար։