Եկեք վերջ դնենք հակառուսական հիմար հիստերիային


14:58 , 15 օգոստոս, 2013

Եկեք արդեն վերջ դնենք հակառուսական հիմար հիստերիային: Քաղաքականության մեջ ընկերներ, առավել եւս սիրեկաններ չեն լինում, գոյություն ունեն բացառապես չոր հետաքրքրություններ այս կամ այն պետության կողմից: Ռուսաստանի խաղադրույքը Կովկասում միանշանակ դրված է Հայաստանի վրա: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ ՌԴ ղեկավարին արգելված է այցեր կատարել հարեւան պետություն եւ ստորագրել նավթագազային ոլորտին վերաբերող պայմանագրեր: Այդ թվում նաեւ մենք չպետք է գոռանք ու նեղսրտենք ռուսական զինամթերքի վաճառքի համար Ադրբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե սեփական գումարով ինչ ռազմատեխնիկա է գնում Բաքուն` ամերիկյա՞ն, թե՞ ռուսական արտադրության: Փաստն այն է, որ Ադրբեջանը ունի 4 մլրդ. դոլար, եւ այդ գումարները, ուզենք թե չուզենք, ծախսվելու են ժամանակակից, այդ թվում նաեւ հարձակվողական զենքերի ձեռքբերման համար: Այս դեպքում ինչո՞ւ ամեն անգամ չենք համբուրում ՌԴ դեսպանին մեզ ժամանակակից եւ անվճար տեխնիկա նվիրաբերելու համար, որը միտում ունի պահել ուժային կայունությունը տարածաշրջանում: Ռուսաֆոբ պարոնայք, նկատենք, որ այսօր ՌԴ սահմանապահ զորքերն են պահում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանը: Կարծում եմ, հարեւան երկրների զորքի թվաքանակը արդեն ասում է ամեն ինչի մասին, չէ՞ որ այս պարագայում մեզ մնում է կազմակերպել մյուս երկու հարեւան երկրների հետ անվտանգությունը: Կարծում եմ, ձեզանից ոչ ոք չի վիճաբանի այն հարցի շուրջ, որ ՀՀ եւ ԼՂՀ պետական սահմանի անվտանգությունը պահելու հարցը այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար առաջին իսկ հերթին հարկավոր է զինվորական կադրերի մեծ թվաքանակ, հետևելով հայաստանյան այսօրվա իրականությանը` արտագաղթին, կարող ենք վստահաբար ասել, որ սահման պահելը, իրոք, բարդագույն խնդիր է: Բոլորս էլ ականատես ենք լինում նրան, որ ՀՀ Զինված ուժերում, ինչպես նաեւ սահմանին հայտնվում են այնպիսի տղաներ, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով զիջում են մյուսներին, սակայն կադրային սակավության պատճառով անցնում են զինվորական ծառայության: Այսպիսով, ՀՀ եւ ՌԴ համագործակցության դրական կողմերի մասին կարող ենք խոսել շատ երկար (էկոնոմիկայի ոլորտ, տրանսպորտային փոխադրամիջոցներ` երկաթգիծ, ֆինանսներ, գիտություն եւ կրթություն, էներգետիկա, ռազմական համագործակցություն ՀԱՊԿ շրջանակներում)... Ահա, այսպիսինն է իրականությունը, եւ այս ամենի առաջ աչք փակելը խոսում է անշնորհակալության եւ կիսագրագիտության մասին: