«Երուսաղեմի Պատրիարքի գրած նամակի հանրայնացումը սխալ ենք համարում»


13:52 , 15 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Մի խումբ երիտասարդական հասարակական կազմակերպություններ կոչ են արել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են առաքելական եկեղեցու հետևորդ, լինել հնարավորինս զգույշ և հեռու մնալ այն բոլոր քարոզներից, որոնք եկեղեցու միասնությանն են հարվածում: Նրանք համախմբվել և բաց նամակ են կազմել, որը վերաբերում է օրերս Երուսաղեմի պատրիարք Նուրհան Սրբազանի կողմից Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակի բովանդակությանը: 

«Լոռեցիների միավորում» ՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընթերցեց ուղերձը, որտեղ նշված էր, որ այդ նամակի հանրայնացումը տանում է ոչ թե Հայ Առաքելական եկեղեցու համախմբմանը, այլ՝ պառակտմանը: Նամակի վերջում ասվում է. «…Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ միասնական Եկեղեցուն և անթույլատրելի ենք համարում նման ապակառուցողական մոտեցումները»:

«Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» ներկայացուցիչ Մարիամ Մարտիրոսյանն էլ հավելեց, որ ցանկացած ուղղորդված և ոչ ուղղորդված քայլ վտանգ է ներկայացնում եկեղեցու համար. «Մենք չենք մեղադրում միայն մի կողմին, սակայն նամակի հանրայնացումը սխալ ենք համարում, դա գոնե պետք է հասներ միայն Էջմիածին, ոչ թե հայտնվեր լրատվամիջոցներում»: 

Նշենք, որ ուղերձին միացել են տասներեք երիտասարդական հասարակական կառույցներ։