Սա մաքուր պարտություն էր, բոլոր առումներով՝ իշխանական կառավարման կոլապս, անունակություն և շատ հաճախ՝ հիմարության դրսևորումներ. Վահան Արծրունի


19:03 , 23 մայիս, 2021

168.am-ը գրում է․

ՀՀ Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության պատմության թանգարանում՝ Շուշիի գորգերի ցուցադրության սրահում, օրեր առաջ տեղի ունեցավ Վահան Արծրունու, Նելլի Մանուկյանի և «Վելվետ» քառյակի համերգը: Շուշիի ներկայությունը մայրաքաղաք Երևանում ապահովող գորգերով շրջապատված՝ երաժշտությունն ավելի կախարդական էր հնչում, ինչին հաջորդած մեր զրույցը «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում՝ կոմպոզիտոր, երգիչ, մշակույթի գործիչ Վահան Արծրունու հետ, ընթացավ նույն միջավայրում՝ պատերազմի ու արվեստի մասին մտորումներով:

Ես կիսում եմ այդ տրամադրությունը և վիշտը, սուգը

Ոչ մի բանով հաղթահարելը չի տարբերվում մեր մնացած հայրենակիցների, մեր քաղաքացիների հաղթահարելուց: Եթե նկատի ունենք սոցիալական խնդիրները, ապա դրանք համընդհանուր են, եթե նկատի ունենք տրամադրությունը հետպատերազմյան, ապա ես կիսում եմ այդ տրամադրությունը և վիշտը, սուգը, և, ինչպես բոլորը, անում եմ հետևություններ ներքաղաքական ընթացքներից, որպեսզի հասկանամ՝ ինչպիսին պետք է լինի մեր ապագան, և ինչպես ես պետք է ինքնադրսևորվեմ այս պատմական զարգացման ընթացքի մեջ: Ոչ մի տարբերություն: Երևի միակ բնագավառը, որ միշտ տարբերվել է, ստեղծագործական ոլորտն է, և ես լուծումներ գտնում եմ: Համերգային շրջանը սկսվեց ապրիլի 28-ին՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի և երկու երգչախմբերի հետ համերգից, և սա արդեն թվով երրորդ համերգն է:

Մահը չի կարող աղբյուր հանդիսանալ ստեղծագործական որևէ դրսևորման համար

Պատերազմը, որպես այդպիսին, այդ արհավիրքը, ժխտում է և մերժում է արարչագործությունը, որովհետև այդ ամեն ինչի հիմքում մահն է, իսկ մահը չի կարող աղբյուր հանդիսանալ ստեղծագործական որևէ դրսևորման համար: Ստեղծագործությունը արարչագործության տիրույթում է, և այդ առումով պատերազմը պարալիզացնում է ստեղծագործությունը: Եվ ՔՈՎԻԴ-ը, և պատերազմը՝ հատկապես, իր հստակ դերակատարությունը ունեցավ: Յուրաքանչյուր արվեստագետի կամ բեմարվեստով զբաղվող մեկի, եթե Դուք հարցնեք, կարծում եմ՝ նույն բանը պետք է ասի:

Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը սա է ինձ համար՝ բեմի վրա գտնել ելքը, հանդիսատեսի հետ կենդանի շփման մեջ գտնել ելքի հնարավորությունը, որպեսզի նորից վերադառնաս ստեղծագործական տիրույթ և կարողանաս արարել, ստեղծել:

Մեր հայրենակիցները ճիշտ դրսևորվեցին և մատնվեցին իշխանության կողմից

Արցախյան առաջին պատերազմը հաղթական էր: Սա մաքուր պարտություն էր, բոլոր առումներով՝ իշխանական կառավարման կոլապս, անունակություն և շատ հաճախ՝ հիմարության դրսևորումներ, սրան հակադրվող մեր հայրենակիցների պոռթկումը՝ ազնիվ, ճիշտ: Հայրենասիրության այսպիսի դրսևորում՝ տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցներ՝ որպես կամավորական գրվեցին, գնացին, նման բան չկար առաջին պատերազմի ժամանակ: Օրհասական պահին քո հայրենիքի համար սեփական անհրաժեշտության այդ գիտակցումը խիստ տարբերվում էր առաջին պատերազմից: Այստեղ կար իսկապես լուրջ, զանգվածային գիտակցում, որը կոտրեց իշխանությունը՝ պարզապես մատնելով այդ մարդկանց մղումը, պարզապես դավաճանելով այդ մարդկանց մղումը: Բայց անհետևանք ոչինչ չի անցնում, որովհետև ներքին իներցիան զգայական, և համոզումը, և գիտակցումը, արժեհամակարգը, որը քաղաքացուն երկրի քաղաքացի է դարձնում, կա, մենք դրա արտահայտությունը տեսանք պատերազմի առաջին իսկ օրերին: Մեր հայրենակիցները ճիշտ դրսևորվեցին և մատնվեցին իշխանության կողմից: Սա այդ դեպքն է: Իսկ առաջին պատերազմը նախ հաղթական էր, ինչպես նշեցի, երկրորդը՝ նման մատնություն չկար, համենայն դեպս, այս մասշտաբների և լկտիության այս չափի հասնող:

Պետությունը մինչ օրս էլ անտեսում է ազատ արվեստի տիրույթի գոյությունը երկրում

Պետություն-ստեղծագործող կապ երբեք չի եղել: Ցավոք սրտի, անկախ Հայաստանի այս պատմական 30 տարվա ընթացքում այդ կապն այդպես էլ չստեղծվեց: Այսինքն՝ պետությունը տեր էր կանգնում իր դոտացիոն արվեստի ներկայացուցիչներին՝ ում պետությունը վարձում էր, նրան էլ տեր էր կանգնում՝ նկատի ունեմ պետական կոլեկտիվները, ՊՈԱԿ-ները, իսկ իրական ընթացքները մշակութային ձևավորվում են ազատ դաշտում, սա ունիվերսալ է, ոչ միայն Հայաստանին է վերաբերում: Իսկ այդ ոլորտի կապը պետության հետ այդպես էլ չհաստատվեց, որովհետև պետությունը մինչ օրս էլ անտեսում է ազատ արվեստի տիրույթի գոյությունը երկրում: Դրա պատճառով էլ մենք կորցնում ենք ստեղծագործական ռեսուրսի կրիչներին: Նրանք հավաքում են ճամպրուկները, երեք տասնամյակների ընթացքում, և հեռանում այնտեղից, որտեղ ոչ ոք տեր չի կանգնում իրենց ստեղծագործությանը, իրենց արվեստին, որը չի երաշխավորում զարգացում: Եվ բազմաթիվ անուններ՝ սկսած Հասմիկ Պապյանից, և Բարսեղ Թումանյանից՝ ընդհուպ մինչև Համասյան, Սերգեյ Խաչատրյան, Նարեկը, այն անունները, որոնցով մենք հպարտանում ենք, իրենք ինչպե՞ս են գոյացել, կամ ինչպե՞ս են հասել հաջողության դրսում, պարզապես ուղղորդվել են երկրից դուրս իշխանություններով, այն անօրինություններով և այն անտերությամբ և շատ հաճախ նաև անունակությամբ, որի ավանդույթները շարունակվում են մինչ օրս:

Իրականությունն այնպիսին է, որ սպասումներ չես կարող ունենալ, չես կարող ակնկալել

Իմ շփման հիմնական շրջանակը իրենց գործի գիտակներն են, պրոֆեսիոնալներն են: Հայաստանում կոփվում ենք մենք այդ առումով. սպասումները շատ քիչ են, իրականությունը մենք ընկալում ենք՝ որպես այդպիսին, որ իրականությունն այնպիսին է, որ սպասումներ չես կարող ունենալ, չես կարող ակնկալել, որ մեր բոլոր ինքնադրսևորումներն այն հարթակների վրա են, որտեղ հնարավոր է գտնել լուծում: Այդ առումով մենք բոլորս էլ իրատես ենք, իսկ իրատեսը չի կարող հուսահատվել, որովհետև նույնիսկ այն, ինչը կարող է հուսահատեցնել, իրատեսը ընկալում է՝ որպես իրատեսական նախապայման, և փորձում է ինքնադրսևորվել և գտնել ճանապարհ:

Ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել

Եթե շարունակվի այնպես, ինչպես շարունակվել է, եթե առավել ստեղծարար տիրույթը, ոլորտը, ազատ արվեստի դաշտը շարունակվի այսպես անտեսվել, մեղմ ասած, իսկ շատ հաճախ իշխանությունը մերժողական դիրքորոշում է ունենում, եթե այդ ավանդույթները շարունակվեն, ոչ մի լավատեսական բան չեմ կարող ասել, որովհետև պրոֆեսիոնալ արվեստը կամաց-կամաց Հայաստանից տեղափոխվում է դուրս, և այդ ընթացքը 30 տարվա պատմություն ունի:
Բոլոր նրանք, ովքեր հասկանում են կատարողական որոշակի մակարդակի, նրանք փոխում են իրենց բնակավայրը, որովհետև դրսում կա հնարավորություն՝ զարգացնել սեփական արվեստը, դրսում կա հնարավորություն՝ գտնել ունկնդիր, և դրսում կան միջոցներ և ֆոնդեր, ուսում ստանալու հնարավորություններ, որոնք երաշխավորում են այդ զարգացման ընթացքը: Հայաստանում գնալով փոքրանում են այդ հնարավորությունները: Ուսում ստանալու համար նախ քո ընտանիքը պետք է կարողություն ունենա, ուսումը ավարտելուց հետո, ստեղծագործական բուհերը ի նկատի ունեմ, բնական է՝ ոչ ճանաչում ունես, ոչ փորձառություն, և նման պայմաններում, երբ քեզնով ոչ ոք չի զբաղվում, ինքնահաստատվել և գտնել սեփական հանդիսատեսը, սեփական բեմը, սեփական երգացանկը, տասնյակ անգամ ավելի երկար ժամանակ է պահանջում, քան դրսում, և դրանով էլ հենց պայմանավորված է, որ մենք տարիներով կորցնում ենք մեր ստեղծագործական ռեսուրսը: