11:21 , 15 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մոտ երկու տասնյակ հարցեր են քննարկվել:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը նախ հրավիրել է գնումների գարծընթացի վրա` կարևորելով ինչպես մարզպետարանների, այնպես էլ համայնքապետարանների կողմից սահմանված ընթացակարգերի պահպանումը: Նշվել է, որ կարող են առաջարկություններ ներկայացվել համայնքների մակարդակով առաջացող խնդիրները կարգավորելու, ընթացակարգերն առավել պարզեցնելու վերաբերյալ:
Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի հետ կապված մի խնդրի, որը մարզային հանդիպումների ժամանակ բարձրացվել է մարզերի շահառուների կողմից: Փաթեթի շրջանակում հանգստի կազմակերպման համար վերջիններս ստիպաված են լինում այցելել մայրաքաղաք, համապատասխան կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ձեռք բերել հաճախ հանգիստը հենց իրենց մարզում անցկացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է գնահատել, թե դա շահառուների ինչպիսի թվի է վերաբերում և ներկայացնել տվյալներ` անհրաժեշտության դեպքում մեխանիզմներն ավելի հստակեցնելու և շահառուների համար գործընթացն ավելի դյուրին դարձնելու համար:
Քննարկված մյուս հարցը վերաբերում էր հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերին: Ա. Գևորգյանը մարզպետներին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ծրագրերի արդյունավետ իրականացման մեխնիզմների վերաբերյալ` հաշվի առնելով ընթացքում արձանագրված խնդիրներն ու թերությունները, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությանը ներկայացնել աշնանային և գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջվող պարարտանյութի և դիզվառելիքի անհրաժեշտ ծավալների վերաբերյալ հաշվարկներ: Ստացված առաջարկների և դրանց քննարկման արդյունքում յուրաքանչյուր ծրագրի մասով առանձին որոշում կընդունվի:
Փոխվարչապետն առաջարկել է նաև հաշվարկել, թե մարզպետարանների ենթակայության տակ գործող առողջապահական և կրթական հաստատությունները տարին ինչպիսի ֆինանսական ցուցանիշներով են փակելու` հաշվի առնելով նվազագույն աշխատավարձերի հետ կապված փոփոխությունները: Նա անընդունելի է համարել հնարավոր պարտքերի կուտակումը և առաջարկեց տեղեկություններ ներկայացնել այն հաստատությունների վերաբերյալ, որտեղ կարող են խնդիրներ առաջանալ` դրանք ուսումնասիրելու և ժամանակին լուծում տալու համար:
Նոր ուսումնական տարվա հետ կապված փոխվարչապետը հորդորել է մինչ ուսումնական տարվա սկիզբն ավարտել պետական ծրագրերում ընդգրկված դպրոցներում վերանորոգման աշխատանքները կամ դրանք կազմակերպել այնպես, որ չխոչընդոտեն ուսումնական գործընթացին:
Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել նաև հանրապետությունում 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման վերաբերյալ: Նա հանձնարարել է առաջիկայում համապատասխան հանձնաժողովների նիստեր հրավիրել և սերտորեն աշխատել Ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև համայնքների հետ: 2013 թ. հոկտեմբերի 11-31-ը փորձնական հաշվառում կանցկացվի Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերի որոշ համայքներում:
Անդրադառնալով ոռոգման շրջանի ընթացքին` Ա. Գևորգյանը նշել է, որ որոշ մարզերում, մասնավորապես, Արարատ, Արմավիր և Արագածոտն, ոռոգման կազմակերպման առումով որոշակի լարվածություն է առաջացել: Սևանա լճից օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից արդեն վերցվել է 136 մլն խմ-ն, ուստի նա մարզպետներին հորդորեց աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ ընկերությունների, համայնքների հետ` ոռոգումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և ջուրը խնայողաբար օգտագործելու համար:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև համայնքներում գերեզմանոցների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին: Նա մարզպետներին հանձնարարել է համապատասխան վերահսկողություն և քայլեր իրականացնել` օրենքով սահմանված պահանջների կատարման ուղղությամբ: Փոխվարչապետը տեղեկացրել է, որ ՏԿ նախարարությունն առաջիկայում կառավարություն կներկայացնի ոլորտի կանոնակարգմանը վերաբերող առաջնահերթ միջոցառումների ծրագիր:
Քննարկվել են նաև գյուղական համայնքների երրորդ համաժողովի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Այս տարի ևս համաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին Ջերմուկում, որին բացի համայնքապետերից, մասնակցելու են ավագանու անդամներ, համաժողովի շրաջանակում կազմակերպվելու են նաև տարբեր միջոցառումներ: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկել է արդեն ձևավորել համաժողովին մասնակցող մարզային պատվիրակությունների կազմերը:
Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացած ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում փոփոխություններ կատարելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, որով նախատեսվում է բարձրացնել մարզխորհրդի գործունեության արդյունավետությունը, ընդլայնել քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակն ու կանոնակարգել նիստերի անցկացման հաճախականությունը: Ա. Գևորգյանն առաջարկեց ծանոթանալ փաստաթղթին և պատրաստ լինել դրանով նախատեսված պահանջների իրականացմանը, երբ այն ուժի մեջ կմտնի:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրել է նաև «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների ընթացքի մասին: Նախագծի նախնական տաբերակը կուղարկվի նաև մարզպետարաններ` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու համար: Փաստաթղթի վերաբերյալ կկազմակերպվեն նաև հանրային քննարկումներ: Ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակելուց հետո միայն այն կներկայացվի կառավարություն:
Ա. Գևորգյանը մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցման համար մարզերում համապատասխան տարածքների վերջնական ընտրության խնդրին: Նշելով, որ մի շարք քաղաքային համայնքներում ծառայությունները հաջողությամբ գործում են` փոխվարչապետը հորդորել է սերտորեն համագործակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ և վերջնականապես որոշել նաև մյուս համայքներում տարածքների ընտրության հարցը:
Խորհրդակցությանը կարևորվեց համայնքերի հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը` ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և Ճանապարհային ոստիկանությունից փոխանցվող համապատասխան բազաների հիման վրա:
Ներկայացվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. յոթ ամիսների ցուցանիշները: Նշվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 91 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 18,2 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել ինչպես համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այնպես էլ աշխատավարձի գծով պարտքերի մարման գործընթացը:
Տեղեկություններ ներկայացվեց նաև մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի վերաբերյալ: Նշվեց, որ ծրագիրն արդեն ֆինանսավորվել է 77 տոկոսով, կատարված ֆիզիկական աշխատանքների ծավալը 86 տոկոս է: Զեկուցվեց, որ աշխատանքները իրականացվում են ըստ ժամանակացույցի:
Խորհրդակցությանը մարզպետները տեղեկություններ են ներկայացրել նաև մարզերում գյուղատնտեսական աշխատանքերի ընթացքի մասին: Քննարկվել են ընթացիկ մի շարք այլ հարցեր ևս: