Ալյուրի գինը 4 անգամ իջել է. ալյուր արտադրողները զարմացած են հացի թանկացումից


09:52 , 15 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանում ալյուր արտադրող խոշոր ընկերություններից երկուսը՝ «Մանչո գրուպը» և «Մանանա գրեյնը», վերջին 15 օրերի ընթացքում ալյուրի գինն իջեցրել են, 50 կգ կշռող մեկ պարկի գինը 1.650 դրամով էժանացել է, մինչդեռ վերջին օրերին որոշ խանութներում հացի գնի կամայական բարձրացում է նկատվել:

 Ինչպես Tert.am-ին ասաց «Մանչո գրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը, իրենք ալյուրի գինը վերջին 15 օրվա ընթացքում 4 անգամ իջեցրել են մեկական դոլարով:

 «Հացի թանկացումը բացարձակապես մեզնով պայմանավորված չէ, ես անգամ զարմանում եմ, որովհետև եթե մենք մոտ 1.650 դրամով մեկ պարկի գինն իջեցրել ենք, պետք է որ թույլ չտային այդպիսի բարձրացում, քանի որ դա կոմպենսացնում էր գազի և հոսանքի ծախսերը, հացը պետք է, որ չթանկանար, անհասկանալի է այդ թանկացումն ինձ համար»,- ասաց նա:

 Հարցին, թե ինչով է պայմանավորված մեկ պարկ ալյուրի այդքան էժանացումը, ընկերության տնօրենը պատասխանեց. «Ռուսաստանում մի քիչ ցորենի գները նվազեցին, բայց քանի որ էներգակիրները (նկատի ունի գազը և էլեկտրաէներգիան – Tert.am) թանկացրեցին, իսկ մենք չենք ուզում, որ հացը թանկանա, ըստ այդմ՝ ալյուրի գներն իջեցրեցինք, որպեսզի հացը չթանկանա»,– ասաց նա։

 «Բայց հիմա, որ ցորենի գինը մի քիչ բարձրացավ, ստացվեց, որ մենք մի քիչ ի օգուտ ժողովրդի սխալ հաշվարկ ենք արել, որն ի վնաս մեզ է, որովհետև հիմա մենք աշխատում ենք զրոյի վրա, այսինքն՝ ցորեն-ալյուր հարաբերակցությունն արդեն եկամուտ չի բերում, բայց առայժմ գինն այդպես կմնա, իսկ եթե ցորենի գինը Ռուսաստանն ավելի բարձրացնի, այդտեղ մենք էլ մի փոքր կբարձրացնենք գները»,- ասաց նա՝ նշելով, որ դա դեռ հետագայի խնդիր է, կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանում ցորենի գինը կտրուկ կբարձրանա:

 Իվան Մոսոյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ցորենի գինը 30 դոլարով բարձրացել է, և նոր արդեն վերջին 10 օրվա ընթացքում նվազման միտում է նկատվում, բայց եթե նորից բարձրանա, իրենք էլ ստիպված կլինեն որոշ չափով բարձրացնել ալյուրի գները:

 «Չորս դոլարով մեկ 50 կգ պարկի գինն իջեցրել ենք, կարող է մեկ դոլարով բարձրանա, դա դեռ պարզ չէ, բայց պետք չէ ժողովրդի մեջ պանիկա մտցնել»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարող մեկի մոտ գները բարձր լինել, իսկ ուրիշի մոտ՝ ցածր, քանի որ շուկան ընդհանուր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ