Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով հասարակության մոտ ստեղծել են չհիմնավորված ակնկալիքներ ՀԱՊԿ-ից


19:16 , 18 մայիս, 2021
Հայաստանի իշխանություններն իրենց հայտարարություններով հասարակության մոտ ստեղծել են չհիմնավորված ակնկալիքներ ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Ռուսաստանից Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակում Հայաստանի շահերը պաշտանելու հարցում:
Ինչո՞ւ չհիմնավորված: Նախ մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք ընդամենը խորհրդակցություններ սկսելու համար, անվտանգության հարցում երկկողմ գործիքակազմը կիրառելու վերաբերյալ Ռուսաստանին դիմել-չդիմելը մնում է անհասկանալի: Ուստի տվյալ պարագայում, ավելին, քան ուղղակի հայտարարությունը, չպետք է ակնկալել:
Օբյեկտիվորեն պետք չէ առանձնապես մեծ ակնկալիքներ ունենալ նաև դրանց կոշտության մասով: Հայաստանի իշխանություններն իրենք որևէ կերպ կոշտ չեն արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Ավելին, մայիսի 12-ից բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ:
Նման պարագայում միջազգային հանրությունից՝ այդ թվում նաև ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, բանակցելու և բանակցությունը շարունակելու վերաբերյալ կոչերը բնական են դառնում:
Այլ հարց է, որ և՛ ՀԱՊԿ-ի, և՛ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունները, կոչերը պետք է ունենան Հայաստանի նկատմամբ վերջիններիս ունեցած պարտավորություններից բխող նրբերանգներ: