Armenpress.am-ը գրում է․
Հայաստանի Հանրապետությունը մայիսի 9-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի Հանրապետության դեմ` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։