Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար. Նեթանյահու


03:58 , 14 մայիս, 2021

Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Վերջին խոսքը չի ասվել, և Իսրայելական բանակի սկսած ռազմական օպերացիան Գազայի հատվածում կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար: Մենք կստիպենք «ՀԱՄԱՍ»-ին շատ թանկ վճարել, կանենք դա ու կշարունակենք անել շատ մեծ ուժով»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Շուրջ մեկ ժամ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայի հատվածում:

«Իսրայելի օդուժն ու ցամաքային զորքերը այս պահին հարձակման են անցել Գազայի հատվածում: Իսրայելի ԶՈւ կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում առկա զենքի մի շարք պահեստների: Ժամեր առաջ օդուժը հարվածներ է հասցրել նաև «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը և «Իսլամական ջիհադ»-ին պատկանող մի շարք շինությունների, որտեղ զենք է պահվել»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունում: