Այս ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է. Միքայել Մինասյանի ու Արթուր Ջանիբեկյանի ջանքերով այն 2015-ին տեղադրվեց Վատիկանում


12:41 , 7 մայիս, 2021
Այս ստեղծագործության հեղինակը քանդակագործ Դավիթ Երեւանցին է։
Բրոնզե արձանը պատրաստվել է Չեխիայի Հանրապետության ձուլարաններից մեկում՝ շնորհիվ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի եւ Արթուր Ջանիբեկյանի ֆինանսական աջակցության։
Արձանի երկու օրինակ է ձուլվել, որոնցից մեկը Վատիկանի պարտեզների, իսկ մյուսը՝ Էջմիածնի վեհարանի համար։
Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը Վատիկանին եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրելու գաղափարը ծագեց երկու տարի առաջ, Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։
Գրիգոր Նարեկացին եղել է միստիկ բանաստեղծ, հոգեւորական, աստվածաբան, փիլիսոփա եւ սուրբ (951_1010թթ):
Նա հայոց պատմության առանցքային, գրեթե հերոսական դեմքերից է համարվում, քանի որ կերտել է արեւելյան քրիստոնեական մտքի հիմնասյուները։
Որոշ առումներով, մտավոր տեսանկյունից նրան կարելի է համեմատել Դանթե Ալիգիերիի հետ եւ այս պատճառով գիտնականները նրան համարում են բացառիկ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։
2015 թվականի ապրիլի 12_ին Ֆրանցիսկոս Պապը առաքելական հռչակագրով նրան շնորհեց Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոսը, ինչի մասին հայտարարվեց նույն օրը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող հատուկ պատարագի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, ինչպես նաեւ Պատրիարք Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէս Պետրոս ժԹ Կաթողիկոսի ներկայությամբ։
Եկեղեցու վարդապետի տիտղոսը Գրիգոր Նարեկացուն շնորհվեց՝ հաշվի առնելով նրա նշանակալի վարդապետությունն ու սրբի կյանքը։
Գրիգոր Նարեկացին փոքրուց հարուստ ուսում էր ստացել հոգեւորական վարդապետ Անանիայից, որի շնորհիվ ծանոթացել էր հույն եւ արեւելցի սուրբ հայրերի նշանավոր ստեղծագործություններին, եւ կարողացել ամենօրյա աղոթքը սնել սուրբ գրերի ոգով։
Նա իր կյանքն անց է կացրել ուսման, աղոթքի, այլոց կրթելու գործի մեջ՝ խորհրդածելով բնության մասին։
Իր ուսումնասիրությունների արդյունքում ստացած ավանդական գիտելիքը նա վերաշարադրեց քրիստոնեության պատմության մեջ նշանավորված բանաստեղծական վեհ լեզվով։
Մահից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացու մարմինն ամփոփվեց Նարեկա վանքում, որտեղ նա ապրել էր եւ որն իսկույն դարձավ սրբավայր՝ ի ճանաչումն նրա սուրբ կյանքի եւ հարուստ հոգևոր ժառանգության։
Գրիգոր Նարեկացու ամենանշանավոր աշխատությունը Մատյան Ողբերգությանն է, բանաստեղծության տեսքով գրված 95 աղոթքների հավաքածուն, որը բոլոր ժամանակների պոեզիայի եւ միստիկ գրերի մեծագույն գլուխգործոցներից մեկն է։
Գիրքը պատմում է հոգեւոր ճանապարհորդության մասին, որի կենտրոնում մարդու հոգին է՝ իր վախերով, բարձր ձգտումներով եւ Աստծո հավատի քաղցով։
Դա մի վեհ բանաստեղծություն է, որը, ողբ լինելով հանդերձ, ի զորու է շահել Աստծո ողորմածությունը։
Այն ոչ թե լաց է, այլ խթան, որը հոգուն ճախրելու թեւեր է տալիս։
Քանդակագործի մասին
Դավիթ Երեւանցին մեր ժամանակների հայ նշանավոր արվեստագետներից է։
Ծնվել է 1940 թվականին Երեւանում, ուսանել Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, որտեղ զարգացրել է քանդակագործի իր առանձնահատուկ ոճը՝ հիմնված անտիկ ավանդույթների ժամանակակից վերամարմնավորման վրա։
1974 թվականին բնակություն է հաստատել Փարիզում, ներկայումս ապրում եւ աշխատում է Փարիզում եւ Երեւանում։
Երեւանցին Փարիզի, Մոսկվայի, Պրահայի եւ Երեւանի պատկերասրահների հավաքածուներում ներառված իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Չեխիայի Հանրապետությունում եւ այլ երկրներում։
1960_ից 70_ական թվականներին նրա կերամիկական էքսպերմենտալ աշխատանքներն արժանացել են տարբեր մրցանակների։
Երեւանցու քանդակագործական ամենահայտնի աշխատանքների թվում է Հայ կոմպոզիտոր Կոմիտասի արձանը Փարիզում, ինչպես նաեւ հայկական ծագումով ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանը Երեւանում։