Եվրոպական բժշկական գոծակալությունը նոր տվյալներ է հրապարակել «ԱստրաԶենեկայի» արդյունավետության ու ռիսկերի վերաբերյալ


18:31 , 6 մայիս, 2021
Ապրիլի 23-ին Եվրոպական բժշկական գոծակալությունը նոր տվյալներ է հրապարակել «ԱստրաԶենեկայի» արդյունավետության ու ռիսկերի վերաբերյալ (հղումը մեկնաբանություններում)։
Գործակալությունը ուսումնասիրել է պատվաստանյութը կորոնավիրուսի 3 տարբեր վարկման մակարդակների (infection rate) համար․
Ա) բարձր - հիմնված 2021թ․ հունվարի ցուցանիշների վրա (886 դեպք 100000 բնակչությունից)
Բ) միջին - 2021թ. մարտ (401/100000 բնակչությունից)
Գ) ցածր - 2020թ․ սեպտեմբեր (55/100000 բնակչությունից)
Այս երեք սցենարներից յուրաքանչյուրի համար գնահատվել է, թե տարիքային որ խմբերում ինչ արդյունքներ են արձանագրվում vs տրոմբագոյացման դեպքեր (տրոմբագոյացման, ոչ թե տրոմբից մահանալու)․
Ա) հոսպիտալացվելու անհրաժեշտությունից ազատում vs. տրոմբագոյացման դեպքեր
Բ) վերակենդանացման բաժնում հայտնվելու անհրաժեշտությունից ազատում vs. տրոմբագոյացման դեպքեր
Գ) փրկված կյանքեր vs. տրոմբագոյացման դեպքեր
Բոլոր տվյալները նորմավորված են ըստ 100000 մարդու ու բոլոր տվյալները 1-ին դոզայից հետո են։
Վիճակագրությունը շատ հստակ ցույց է տալիս, որ ԱստրաԶենեկայի արդյունավետությունը տարիքային ավագ խմբերում կտրուկ աճում է։ Այսպես օրինակ, եթե 20-29 տարեկանների խմբում բարձր վարակման սցենարով ԱստրաԶենեկան հոսպիտալացումից փրկում է 64 հոգու, ապա 70-79 ու 80+ խմբերում համապատասխանաբար 547 ու 1239 հոգու։
Համանման պատկեր է ռեանիմացիայից ու մահից փրկելու դեպքերի մասով։ Համապատասխանաբար 6, 78, 110 ու 0, 172, 733։
Հրապարակումը, ինչպես հասկանալի է, տալիս է նաև տրոմբագոյացման դեպքերի վիճակագրությունը։ Քանի որ դա մարդկանց ամենաշատ հուզող հարցն է, այստեղ դուրս կբերեմ առկա բոլոր տվյալներն ըստ տարիքային խմբերի։
20-29 - 1.9 դեպք 100000 մարդու հաշվով
30-39 - 1.8/100000
40-49 - 2.1/100000
50-59 - 1.1/100000
60-69 - 1/100000
70-79 - 0.5/100000
80+ - 0.4/100000
Հայաստանի մասշտաբների բերելու դեպքում սա նշանակում է, որ 2 միլիոն բնակչի համար 1-ին դոզայից հետո կունենանք ոչ ավել, քան 42 տրոմբագոյացման դեպք ամբողջ երկրով մեկ։
Այնպես որ պատվաստվեք առաջին իսկ պատահածով։ Կլինի Սպուտնիկ, ԱստրաԶենեկա, Սինովակ, թե որևէ այլ բան։