ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը


11:37 , 6 մայիս, 2021

Armenpress.am-ը գրում է.

ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի նիստում ներկայացրել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Կատարվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը: Համաձայնագրում լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջև թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում են իրավական հիմքեր` օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով համատեղ օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու և օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:

Արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի համար:

Ազգային ժողովն արձանագրությունը վավերացրեց միաձայն՝ 84 «կողմ» ձայնով: