Ո՞ր անուններն են գլխավորում նորածինների անունների վարկանիշային ցանկը


11:16 , 6 մայիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանում նորածինների շրջանում 2020 թ.-ի ամենատարածված անունների վարկանիշը հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում են Դավիթ և Նարե անունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կայքից։

Նշվում է, որ 2020 թ․-ին երկրում ծնվել է 17 299 աղջիկ և 19 053 տղա:

Նախորդ տարի 1346 տղա ստացել է Դավիթ անունը, 745 աղջիկ՝ Նարե անունը։ Ամենայն հավանականությամբ, փոքրիկներին այդպես են անվանակոչում «Սասունցի Դավիթ» էպոսի սիրված հերոսի պատվին։

Վարկանիշային ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Նարեկ անունը՝ այն ստացել է 902 տղա։ Ի դեպ, Հայաստանում բավականին տարածված այս անունը պատվավոր երկրորդ տեղը գրավում է արդեն հինգ տարի անընդմեջ։ Կանանց անունների շարքում երկրորդ ամենատարածվածը Մարիա անունն է․ այդպես են անվանել 613 նորածին աղջկա։ Այդ անունը առաջատար դիրք է գրավել 2016-2017 թվականներին։

Երրորդ տեղում (արդեն երեք տարի շարունակ) Հայկ անունն է։ 2020թ․-ին ծնված 610 տղա ստացել է այդ անունը։ Աղջիկների համար երրորդ տեղում է Անգելինան։ Այն ընտրել են 592 նորածին աղջնակի համար։ Այս անունն առաջին անգամ է հայտնվում առաջատար եռյակում։

Չորրորդ և հինգերորդ հորիզոնականները կիսում են համապատասխանաբար Արփի(503) և Մարկ(579), Մանե(437) և Մոնթե(570) անունները։ Վեցերորդ տեղում են Եվա(402) և Տիգրան(539) անունները, յոթերորդում՝ Աննա(368) և Արեգ(513), ութերորդում՝ Մարի(356) և Միքայել(450)։ Վարկանիշային ցանկի իններորդ և տասներորդ հորիզոնականները կիսում են Մարիամ(354), Ալեքս(377), Անի(345) և Ալեն(377) անունները։

Վիճակագրական կոմիտեից հայտնում են, որ 2021 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին կենսունակության գործակիցը (ծնվածների և մահացածների հարաբերակցությունը) կազմել է 92,2 տոկոս՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 107,8 տոկոսի դիմաց:

Մինչդեռ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծնվածների թիվը կազմել է 5 495 մարդ, մահացածների թիվը՝ 5 960։ Ավելացել է նաև ամուսնությունների և ամուսնալուծությունների թիվը՝ կազմելով համապատասխանաբար 2 869 և 589։